Հանրապետականների խոշոր հովանավորը հրաժարվել է Թրամփին աջակցել ընտրություններում
Ամերիկյան Blackstone ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն եւ ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության խոշոր հովանավոր Սթիվեն Շվարցմանը հայտարարել է, որ չի աջակցի ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, որը հայտարարել Է 2024 թվականի ընտրություններում պետության ղեկավարի պաշտոնում թեկնածությունն առաջադրելու մասին:
Նոյեմբերի 15-ին Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարել է 2024 թվականի նախագահական ընտրություններում որպես թեկնածու առաջադրվելու վերաբերյալ: Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:
«Ամերիկան մեծ հաջողության է հասնում, երբ իր ղեկավարները կողմնորոշվում են այսօրվա եւ վաղվա, այլ ոչ թե՝ այսօրվա եւ երեկվա օրով…Ժամանակն է, որ Հանրապետական կուսակցությունը դիմի նոր սերնդի առաջնորդներին, եւ ես մտադիր եմ նրանցից մեկին աջակցել նախագահական փրայմերիզներում»,-Շվարցմանը հայտարարել Է Axios պորտալին: Ինչպես հաղորդում է պորտալը, Շվարցմանը մտերիմ է եղել Թրամփի հետ, ակտիվորեն փոխգործակցել է նրա հետ առեւտրի հարցերի շուրջ, եւ Սպիտակ տանն իրական ազդեցություն է ունեցել Թրամփի նախագահության տարիներին:
Պորտալի համաձայն, Շվարցմանը հանրապետականների երկրորդ խոշոր հովանավորն է դարձել երկու շաբաթվա ընթացքում, որը հանդես է եկել Թրամփի դեմ,-նրանից առաջ դա արել է միլիարդատեր, Citadel հեջ-ֆոնդի հիմնադիր Քեն Գրիֆինը, որը հայտարարել է Ֆլորիդայի նահանգապետ Ռոն դե Սանտիսին աջակցելու մասին:
Ավելի վաղ Թրամփի դուստրը՝ Իվանկան, 2024 թվականին պետության ղեկավարի ընտրություններին մասնակցելու համար իր թեկնածությունն առաջադրելու մասին հոր հայտարարելուց հետո հայտնել է, որ չի պլանավորում զբաղվել քաղաքականությամբ: