«Եթե ընդդիմությունը կարծում է՝ պետք է ՀՀ-ն մերժի ռուսական առաջարկները, թող դրա մասին հայտարարի»․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ ընդդիմության այն գնահատականներին, ըստ որոնց՝ գործող իշխանությունները խուսափողական և ոչ հասցեական հայտարարություններ են անում Արցախի հարցի վերաբերյալ:
«Եթե ես այս գնահատականը կարող էի հասկանալ 1-1.5 ամիս առաջ, այսօր չեմ կարող ընդունել և ընկալել, որովհետև կարծում եմ, որ ՌԴ նախագահի «Վալդայ» քննարկումների ակումբում արած հայտարարությունը շատ կարևոր և էական էր, որպեսզի մենք մի շարք հարցեր պարզաբանենք և արձանագրենք, որ առնվազն Հայաստանի քաղաքական դաշտում այդ մոտեցումների առումով համարյա կոնսենսուսային վիճակ է: Ուզում եմ հիշեցնել, որ խոսակցությունն այն մասին էր, թե Հայաստանի կառավարությունն ինչ վերաբերմունք ունի ՌԴ առաջարկներին, և այդ առաջարկի էությունը, ինչպես հետագայում բացահայտվեց, հետևյալն էր՝ ԼՂ կարգավիճակի հարցը անորոշ ժամանակով հետաձգել: Այդ ժամանակ, երբ այս հարցադրումն արվեց՝ ռուսական առաջարկների վերաբերյալ, կառավարությունը շատ արագ արձագանքեց, բայց և՛ ընդդիմության դաշտում, և՛ ԼՂ-ում եղան դրսևորումներ, հայտարարություններ, որոնք կառավարությունից պահանջում էին ընդունել ռուսական առաջարկները: Կառավարությունը դեռևս 2021թ. հունվարից այդ պայմանավորվածությունն ընդունել է, դրա մասին չի խոսել՝ զուտ կոռեկտությունից ելնելով»,- ասաց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալ է ՌԴ նախագահից, որ այդ թեման պարզաբանելու հնարավորություն ընձեռեց.
«Եթե մեր կառավարության դիրքորոշումը խուսափողական է, ըստ էության, այսօրվա մեր դիրքորոշումն այն է, ինչ մեզնից պահանջում էր ընդդիմությունը՝ չիմանալով, որ մենք այդ դիրքորոշումը վաղուց ենք որդեգրել: ԼՂ ԱԺ-ն գուցե վստահ չլինելով, որ մենք այդ դիրքորոշումը վաղուց ենք որդեգրել, ինչու եմ ասում՝ վստահ չլինելով, որովհետև ԼՂ նախագահի հետ վաղուցվանից այդ դիրքորոշումը կիսել էի և պետք է որ այնտեղ այդ դիրքորոշումն արձանագրված լիներ: Եթե ընդդիմությունը հիմա այլ կարծիքի է և համարում է, որ Հայաստանը պետք է մերժի ՌԴ առաջարկները, ճիշտ կլինի, որ նրանք դրա մասին բարձրաձայն հայտարարեն»: