Ի՞նչ սպասել Պուտինի առաջիկա այցից Հայաստան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 22-ին կժամանի Հայաստանի Հանրապետություն, իսկ նոյեմբերի 23-ին կմասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որի ընթացքում դաշինքի անդամ երկրների ղեկավարները կքննարկեն Հայաստանին տրամադրվող օգնության հարցը:
Նիստի այս օրակարգի մասին ավելի վաղ տեղեկացրել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ նիստի նախապատրաստական աշխատանքների մասին տեղեկացնելով դաշինքի անդամ Բելառուսի նախագահին՝ Մինսկում կայացած հանդիպմանը։
«Ստանիսլավ Զասն Ալեքսանդր Լուկաշենկոյին տեղեկացրել է նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի նախապատրաստման, ինչպես նաև Հավաքական անվտանգության խորհրդի մի շարք անհատական հանձնարարականների կատարման մասին»,- հայտնել էր ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։
Նոյեմբերի 9-ին կայացել էր Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց, որի ընթացքում քննարկվել էր նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովին, ինչպես նաև ՌԴ նախագահի՝ նոյեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետություն կատարելիք այցի օրակարգին վերաբերող հարցեր:
Հայկական կողմի տարածած հաղորդագրության համաձայն, մտքեր են փոխանակվել նաև հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցած մի շարք իրադարձությունների, ինչպես նաև հումանիտար հարցերի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ»: Ռուսական Կրեմլինի տարածած հաղորդագրությունն ավելի զուսպ էր, կար տեղեկություն միայն այն մասին, որ քննարկվել են նիստի նախապատրաստական հարցերը:
Նոյեմբերի 11-ին էլ կայացել էր ՀՀ ԱԳ նախարարի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում քննարկվել էին Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի օրակարգային թեմաները, ինչպես նաև ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովի անցկացմանն առնչվող հարցերը:
«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ու Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցեր»,- ասված էր հաղորդագրությունում:
ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունը Կրեմլինի հաղորդագրության նմանությամբ շատ հակիրճ էր, որում խոսքը միայն նախապատրաստական աշխատանքների մասին քննարկման շուրջ էր:
ՌԴ նախագահ Պուտինը վերջին անգամ Հայաստանում եղել է 2019 թվականի հոկտեմբերի 1-ին ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով, այց, որն առանց սկանդալների և խոսակցությունների չանցավ: Այն ընթացավ տհաճ դրվագներով թե ՀՀ իշխանությունների, թե ՌԴ ղեկավարության համար:
Առաջիկա այցը, որն ուկրաինական պատերազմի ֆոնին ՌԴ նախագահի հազվադեպ օտարերկրյա այցերից է, հայ-ռուսական վերջին տասնամյակների հարաբերությունների պատմության ամենալարված և հայ-ռուսական հարաբերությունների ձևաչափի փոփոխության փուլում կանցնի միջազգային ու տարածաշրջանային ուշադիր «հայացքի» ներքո:
168.am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, թե ինչ կարելի է ակնկալել այս այցից:
Նրա խոսքով՝ չպետք է ակնկալել, որ աննախադեպ որոշումներ կկայացվեն առաջիկայում Երևանում կայանալիք ՀԱՊԿ խորհրդի նիստին, որը պայմանավորված է թե ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումներով, թե ՀՀ դիրքորոշմամբ, որի էությունը կայանում է ՀԱՊԿ-ին փաստի, այսինքն՝ Ադրբեջանի գործողություններին քաղաքական գնահատական տալու անհրաժեշտության առջև կանգնեցնելը, որը և հասկանալի, և անհասկանալի կարող է դիտարկվել:
«Նախորդ առցանց նիստը ցույց տվեց, որ ով ցանկացավ խուսափել այդ թեմայից, խուսափեց, իսկ ով հայտնի է իր ուղիղ ու ոչ միանշանակ ելույթներով, հանդես եկավ հենց այդ լույսի ներքո, խոսքը Լուկաշենկոյի մասին է: Կարելի է ընդունել կամ չընդունել այն, ինչ նա ասում է, սակայն նա ասաց այն, ինչ մտածում է, որ ՌԴ նախագահը կարող է միջնորդել, որպեսզի կողմերը նստեն և բանակցեն:
Ի վերջո, չեմ կարծում, թե հայկական կողմի համար անակնկալ է, որ ՀԱՊԿ-ին անդամակցության էությունը Հայաստանի համար դա հայ-ռուսական հարաբերություններն են:
Չեմ կարծում, թե այդ հարցով որևէ փոփոխություն կլինի, սակայն միևնույն ժամանակ Հայաստանում այդ թեմայով նիստին մասնակցելը նշանակում է՝ ընդունել, որ կա խնդիր: Չեմ բացառում, որ կրկին սեղանին դրվի դիտորդական առաքելության տեղակայման հարցը, սակայն կա նաև տպավորություն, որ Երևանի նպատակը դա չէ: Նախորդ առցանց նիստին արձանագրվեց, որ հարցը լրջորեն կդիտարկվի Սոչիի հանդիպումից հետո, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 31-ին, իսկ ՀԱՊԿ առցանց նիստը նախորդեց այդ եռակողմ բանակցություններին:
Ենթադրում եմ, որ այս անգամ հատկապես տեղում հանդիպումն ավելի առարկայական խոսակցություն կենթադրի, բայց աննախադեպ որոշումների կայացման հավանականությունը շատ փոքր է: Պարզապես նախորդ նիստին շեշտը դրվեց առաջիկա բանակցությունների վրա, ներկայումս դրանք տեղի են ունեցել, ուստի բոլորը պետք է անցնեն քննարկումների հաջորդ փուլին՝ ինչ որոշում կայացնել, կամ չկայացնել ընդհանրապես որևէ որոշում»,- մեկնաբանեց վերլուծաբանը:
Եվսեևը նաև չի կարծում, թե հայ-ռուսական երկկողմ հանդիպումը Երևանում աննախադեպ է լինելու:
«Կարծում եմ՝ առավելապես իրավիճակային քննարկում տեղի կունենա։ Վերջին շրջանում հանդիպումները, շփումները, չնայած հարաբերությունների ֆոնին, բավականին հաճախակի բնույթ են կրում, չեմ կարծում, թե կուտակված մեծ հարցեր կան կողմերի միջև»,- ասաց վերլուծաբանը:
Ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը ևս չի կարծում, թե ՀԱՊԿ-ից, առավել ևս Ռուսաստանի համար ներկայիս փուլում, պետք է բեկումնային որոշումներ սպասել:
«Ներկայումս Ռուսաստանի ուշադրությունը լիովին այլ տեղում է, խնդիրները շատ–շատ են, իսկ մնացած երկրները, որոնք ՀԱՊԿ-ում են, ըստ էության սպասում են, թե ինչ է լինելու Ուկրաինայում, հատկապես, երբ տեղեկատվական ֆոնն այսօր ի օգուտ Ռուսաստանի չէ: ՀԱՊԿ-ը իր, այսպես ասած, լավագույն շրջանում նույնիսկ գործունակ չի եղել, առավել ևս այսօր լուրջ քայլերի ՀԱՊԿ-ում որևէ մեկը պատրաստ չէ: Դա հստակ է, բայց կգան-կքննարկեն, կփորձեն լսել Երևանի պնդումները և այնպես անել, որ սուր անկյունները հնարավորինս քիչ լինեն: Բնական է, որ Ռուսաստանը ձգտում է, որ այս փուլում իր համար խնդիրները հնարավորինս քիչ լինեն, բայց դա չի հաջողվում և բնական է, քանի որ բոլորն ամենուր ակտիվ աշխատում են»,- նկատեց վերլուծաբանը: