«Այսօր այն օրն է, որ այս թեման ևս մեկ անգամ պետք է հիշատակեմ». Հովհաննես Ավետիսյան

Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր այն օրն է, որ այս թեման ևս մեկ անգամ պետք է հիշատակեմ, քանի որ երկրում մարդկանց գերակշիռ մասը դեռ մնում է անգիտության մեջ: Մասնավորապես, ինչու մենք պարտվեցինք պատերազմում և ինչու ոչ մի պետություն մեզ չէր աջակցում:

Նիկոլի և իր թիմի մասնակցությունն ու տված վնասի չափը այստեղ չեմ քննարկելու ու չեմ քննարկելու թե արդյոք նրանց թուլակամությունը, դավաճանությունը կամ էլ այլ ներքին պատճառներ բերեցին մեզ այս վիճակի: Այստեղ ևս մեկ անգամ հակիրճ կներկայացնեմ այն արտաքին միջավայրը, որ մեր շուրջ ծավալվել էր, և շարունակում է ծավալվել, որը ոչ մի կերպ չէր ուզում և չի ուզում, որ Արցախը մերը լինի:

Եվ այսպես: Ովքեր իմ մտքերին և հոդվածներին վաղուց են հետևում, գիտեն, որ պետությունների միջև հարաբերությունները դիտարկում եմ տնտեսական շահերի տեսանկյունից: Այսինքն պետությունները միմյանց հետ լավ կամ վատ հարաբերություններ են ձևավորում զուտ տնտեսական օգուտներ քաղելու, ռեսուրսներ ձեռք բերելու կամ կորզելու նպատակահարմարությունից ելնելով:

Եվ երբ այս տեսանկյունից ենք նայում մեզ շրջապատող աշխարհին, ապա ամենը տեղն է ընկնում և շատ հարցեր չեն մնում. Հարցեր առ այն, թե ինչու ենք այսքան վատ վիճակում հայտնվել (կրկնեմ երկրի ներքին վիճակը այստեղ չեմ արծարծում):

Մեզ շրջապատող տնտեսական շահերը, որոնք գործոն դարձան Ադրբեջանի հետ մեր հակամարտության մեջ:

2006 թվականի մայիսին շահագործվում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, որը ադրբեջանական նավթը Վրաստանով տեղափոխում է Թուրքիա` Ջեյհան նավահանգիստ և այնտեղից նավերով տեղափոխվում է դեպի գնորդներ (տես նկարը):

Այս նավթամուղի բաժնետերերն են բրիտանական Բրիթիշ Փեթրոլիումը (ամենամեծ բաժնետերը), ադրբեջանական ՍՕՔԱՐ-ը (երկրորդ մեծը), հաջորդիվ բաժնետերեր են ընկերություններ հետևյալ պետություններից` Հունգարիա, Նորվեգիա, Թուրքիա, Իտալիա, Ֆրանսիա, Ճապոնիա, ԱՄՆ և Հնդկաստան:

Սա գտնվում է ԱՄՆ ռազմական անօդաչուների հսկողության ներքո:
Հարավկովկասյան գազատարը շահագործվում է 2006 թվականի ավարտին: Այն ադրբեջանական գազը Վրաստանի տարածքով տեղափոխում է դեպի Թուրքիա` Էրզրում (տես նկարի դեղին կորագիծը):
Սրա բաժնետերերն են ընկերություններ հետևյալ պետություններից` Մեծ Բրիտանիա, Թուրքիա, Ադրբեջան, Մալազիա, Ռուսաստան և Իրան:

Հարավային գազային միջանցք ծրագիրը ԵՄ հովանավորությամբ բաղկացած է երեք մասերից Հարավկովկասյան գազատար, Տրանսանատոլիական գազատար և Տրանսադրիատիկ գազատար (նկարում Ադրբեջանից ձգվում է մինչև Իտալիա` համապատասախանաբար կարմիր, կանաչ և դեղին գույներով խողովակաշարերը):

Առաջին երկու մասերի բաժնետերերն են բրիտանական, թուրքական և ադրբեջանական ընկերությունները:

Երրորդ մասի բաժնետերերն են բրիտանական, ադրբեջանական, իտալական, բելգիական, իսպանական և շվեցարական ընկերությունները:

Այս ծրագիրը արժեցել է շուրջ 45 միլիարդ ԱՄՆ դոլար և դրան վարկեր են տվել բազմաթիվ միջազգային ընկերություններ, ներառյալ ԱԶԲ, ՎԶԵԲ և ՎԶՄԲ:

Սա շահագործվել է 2020 նոյեմբերի վերջ: Ի դեպ նոյեմբերին էր, որ մեր երկրի նախագահի պաշտոնին նստած բրիտանական հպատակն ասում էր, որ չի կարելի խողովակաշարերին հարվածել:

Այս վերջին ենթակառուցվածքը անցնում է Վրաստանի, Թուրքիայի, Ալբանիայի, Հունաստանի տարածքներով և հասնում է Իտալիա: Այս տարանցիկ երկրները ստանում են շատ մեծ օգուտներ սրանից:

Վրաստանի ղեկավարը սրա բացմանը ոգևորված հայտարարում է, որ շնորհիվ այս ենթակառուցվածքի Վրաստանը դարձավ միջազգային դերակատար: Սա ի դեպ, անմիջապես 2020 նոյեմբերին մեր գլխովն անցածից հետո էր, որին իհարկե մեր հանրույթը չէր էլ հետևում:

Ադրբեջանական նավթի ամենամեծ գնորդներն են Իտալիան, Իսրայելը, Խորվաթիան, Գերմանիան և Պորտուգալիան: Իսկ գազինը` Թուրքիան, Վրաստանը, Հունաստանը և Իտալիան:

Այստեղ դադար կտամ, քանի որ Ադրբեջանի ստեղծած տնտեսական շահերն այլոց համար ավելին են քան ներկայացվածը, ուղղակի սրանք ամենամեծերն են:

Մտածել իմացող ցանկացած մեկը, որ մինչ այս չէր հասկացել, կարծում եմ վերջապես պետք է գտնի իր հարցի այն պատասխանը, թե ինչու էր «աշխարհը լուռ», երբ մեզ Արցախում ոտի տակ էին առել, ինչը շարունակվում է առ այսօր, և դեռ ավելի վատ երանգներ է ունենալու:
Իսկ մենք ի՞նչ արժեք ենք ստեղծում աշխարհի համար: Ո՞ւմ ենք մենք պետք:

Այս վիճակից միայն մեկ ճանապարհ կա, բայց որևէ քաղաքական ուժ` ընդդիմադիր, թե առավել ևս իշխանական ի վիճակի չեն այդ ճանապարհին երկիրը դնելու: Իսկ ներկայի ճանապարհը Հայաստանի աներկբա կործանման և չգոյության ուղին է:

հ.գ.
Ցանկացած մեկը, որ իրեն քաղաքական գործիչ կհռչակի պարտավոր է սրանք իմանալ, և հետո դատողություններ անի, թե Հայաստանն ինչ ճամփա և ում հետ պետք է բռնի:

Նկարը յութուբյան մի տեսանյութից եմ վերցրել»:

Տեսանյութեր

Լրահոս