ԱՄՆ-ում ուղևորն ատրճանակը թաքցրել է հավի մեջ՝ փորձելով այն իր հետ տանել ինքնաթիռ
ԱՄՆ-ի տրանսպորտային անվտանգության վարչության աշխատակիցները հայտնաբերել են ատրճանակ, որն ուղևորը փորձել է տանել ինքնաթիռ՝ հավի մեջ թաքցրած:
Դեպքը տեղի է ունեցել Ֆլորիդայի Ֆորտ Լոդերդեյլ Հոլիվուդի օդանավակայանում: Հում հավի մեջ թղթե փաթեթավորմամբ զենքը հայտնաբերվել է նախքան նստեցումը, հաղորդում է BBC-ն:
Տրանսպորտային անվտանգության վարչության աշխատակիցները չեն բացահայտել, թե ով է եղել գաղափարի հեղինակը, սակայն Instagram-ի իրենց պաշտոնական էջում հրապարակել են թռչնի զննման և ատրճանակի հայտնաբերման լուսանկարները և նույնիսկ կատակներ են արել, քանի որ մոտենում է Գոհաբանության տոնը, որի ժամանակ ընդունված է թռչնամիս ուտել:
«Ճանապարհորդելիս տոնական թռչնի մեջ հրազեն մտցնելը պարզապես ժամանակի կորուստ է: Այս գաղափարը նույնիսկ կիսատ եփված չէր, այն հում էր, յուղոտ և ակնհայտորեն առանց հսկողության», – նշել են վարչության աշխատակիցները նկարներին կից գրառման մեջ՝ ուշադրություն հրավիրելով նաև փաթեթավորման վատ ընտրության վրա:
Ի դեպ, ԱՄՆ-ի ավիաուղիներով հրազենի տեղափոխումն արգելված չէ, սակայն այն պետք է տեղափոխվի ստուգված ուղեբեռում, պետք է լիցքավորված չլինի և պետք է դրված լինի կողպված կոշտ արկղում: