Հայաստանը Վրաստանից ավտոմեքենաներ արտահանող երկրների եռյակում է
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2022 թվականի ընթացքում Վրաստանից արտահանվել է 590 մլն դոլարի՝ 58 հազար ավտոմեքենա. նախորդ տարվա համեմատ ավտոմեքենաների արտահանման ծավալն աճել է 75 տոկոսով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Վիճակագրության համաձայն, մեկ արտահանվող ավտոմեքենայի միջին գինը կազմել է 10 հազար դոլար։
Geostat-ի փոխանցմամբ, ամենաշատը 22 հազար ավտոմեքենա է արտահանվել Ադրբեջան: Հունվար-սեպտեմբեր ամիսներին ամենաշատ մեքենաներ են արտահանվել հետևյալ երկրներ.
- Ադրբեջան՝ 222 մլն դոլար, 22 հազար 587 տրանսպորտային միջոց,
- Ուկրաինա՝ 113 մլն դոլար, 12 հազար 091 տրանսպորտային միջոց,
- Հայաստան՝ 69 մլն դոլար, 7 081 տրանսպորտային միջոց,
- Ղազախստան՝ 47 մլն դոլար, 4 980 տրանսպորտային միջոց,
- Ռուսաստան՝ 46 մլն դոլար, 3 233 տրանսպորտային միջոց,
- Ղրղզստան՝ 33 մլն դոլար, 5 106 տրանսպորտային միջոց,
- Բելգիա՝ 22 մլն դոլար, 450 տրանսպորտային միջոց,
- Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 9 մլն դոլար, 125 տրանսպորտային միջոց,
- Տաջիկստան՝ 9 մլն դոլար, 1 470 տրանսպորտային միջոց,
- Բելառուս՝ 4 մլն դոլար, 130 տրանսպորտային միջոց:
Հատկանշական է, որ ըստ Geostat-ի՝ Արաբական Միացյալ Էմիրություններում արտահանվող ավտոմեքենայի միջին գինը 71 հազար դոլար է։ Ամենացածր միջին գինն ունեցել են Ղրղզստան վերաարտահանվող մեքենաները՝ 5 900 դոլար։