«Սա չափազանց կարևոր այց է. Իրանի հետ «կատակներ» անելը խիստ վտանգավոր է ադրբեջանաթուրքական դաշինքի համար». Վարդան Ոսկանյան

Այսօր պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Հայաստան ժամանելուց հետո Իրանի ԱԳ նախարարը կհանդիպի Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Նաև հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահի հետ։

Հոկտեմբերի 21-ին Արարատ Միրզոյանը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ներկա կլինեն Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը:

168.am-ի հետ զրույցում ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանն անդրադառնալով Իրանի ԱԳ նախարարի այցին, նկատեց, որ Իրանին այս պահին ավելի շատ հետաքրքրում է հայ-իրանական հարաբերությունների անվտանգային հարթությունը։ Հաշվի առնելով երկու երկրների համընկնող շահերը, մասնավորապես՝ թուրք-ադրբեջանական դաշինքին դիմակայելու առումով։

«Իրանը մեր բնական դաշնակիցն է, հաշվի առնելով բոլոր կենսական շահերը, որոնք վերաբերում են ադրբեջանաթուրքական դաշինքի կողմից առաջ մղվող «թուրանական միջանցքին», այն «զանգեզուրյան միջանցք» չէ, այլ թուրքական և առհասարակ Հայաստան-Իրան ցամաքային կապն ընդհատելու։  Ուստի ակնհայտ է, որ առաջնայինն անվտանգային տիրույթն է։

Կարդացեք նաև

Դատելով առկա տեղեկատվությունից, Իրանի արտգործնախարարը պետք է այցելի նաև Կապան և մասնակցի իրանական հյուպատոսության բացմանը»,- նշեց Վարդան Ոսկանյանը։

Ըստ իրանագետի՝ իրանական հյուպատոսության բացումը Սյունիքի մարզում արդեն իսկ պարունակում է աշխարհաքաղաքական ուղերձ՝ ադրբեջան-թուրքական դաշինքին։ Իսկ հյուպատոսության բացումն արտգործնախարարի ձեռամբ՝ այդ ուղերձը մի քանի անգամ հզոր ու ուժգին է դարձնում։

«Կարծում եմ՝ սա չափազանց կարևոր այց է և ակնհայտ է, որ այցի բովանդակությունը տեղավորվում է երկու պետությունների իրական ընդհանուր շահերի համատեքստում»,- հավելեց Վարդան Ոսկանյանը։

Անդրադառնալով Իրանի արտգործնախարարի վերջին հայտարարությանը, որ Իրանը թույլ չտվեց փակել Հայաստանի հետ կապի ուղին և շարունակեց զորավարժություններ անցկացնել տարածաշրջանում, Վարդան Ոսկանյանն ասաց, որ արտգործնախարարի ասածը թափանցիկ ակնարկ էր նաև այն մասին, որ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակման հետագա շարունակությունը կանխել է նաև Իրանը։

«Տեղեկատվություն կա, որ Աստանայում Էրդողանի հետ հանդիպման ընթացքում Իրանի նախագահ Ռայիսին հստակորեն արձանագրել է այն հանգամանքը, որ ադրբեջանական ագրեսիան պետք է դադարեցվի, հակառակ դեպքում Իրանը շատ կոշտ կարձագանքի դրան։ Դատելով Իրանի կողմից անցկացվող զորավարժությունների սցենարներից, որոնք ակնհայտորեն հարձակողական, անդրսահմանային բնույթ են կրում, իրանական կողմը գործում է ոչ միայն հռետորական մակարդակում, այլև կարող է իրական դաշտում գործել և գործում է։ Հետևաբար՝ Իրանի հետ «կատակներ» անելը խիստ վտանգավոր է ադրբեջանաթուրքական դաշինքի համար։ Կարծում եմ՝ սա հասկանում են թե՛ Բաքվում, թե՛ Անկարայում։ Այլ խնդիր է, որ այդ դաշինքը ելնելով սեփական շահերից՝ փորձելու է ամեն գնով խուսափել Իրանի հետ ուղիղ առճակատումից, սակայն փորձ կանի իրականացնել իր այդ թուրանական պատրանքը, ինչը որքանով որ ուղղված է Հայաստանի դեմ, նույնքան էլ Իրանի, նաև Ռուսաստանի դեմ»,- եզրափակեց Վարդան Ոսկանյանը։

Հիշեցնենք՝ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հոկտեմբերի 18-ի երեկոյան իրանական հեռուստաալիքներով հեռարձակված «Դիվանագիտության դաշտ» վավերագրական ֆիլմում, խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների ու Իրանի դերի մասին, ասել էր, որ Իրանը թույլ չտվեց փակել Հայաստանի հետ կապի ուղին և շարունակեց զորավարժություններ անցկացնել տարածաշրջանում։ «Տարածաշրջանում իրականացվեց շատ վտանգավոր սցենար, ըստ որի՝ դա պետք է փոխեր տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը։ Նույնիսկ ջանքեր են գործադրվել կտրել Իրանի և Հայաստանի միջև կապի հնագույն ճանապարհը։ Իրանը դա թույլ չի տվել»,- ասել էր նա։

Տեսանյութեր

Լրահոս