Նախկինների և Փաշինյանի՝ երկրի պաշտպանության գործում հասարակության ներգրավման պատկերացումների տարբերությունների մասին

Հոկտեմբերի 13-ի Կառավարության նիստի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, թե առաջիկայում նախատեսվում է պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքները դարձնել 25 օր:

«Մեր նպատակը հետևյալն է՝ մենք հրաժարվում ենք եռամսյա հավաքներից, հավաքները դառնում են 25-օրյա։ 21 օրը հիմնական ծառայությունն է, որից 7 օրը քաղաքացին անցնում է պատրաստություն, 14 օր անցկացնում է մարտական հերթապահություն։ Շուտով կարգը կլինի, մենք դրա մասին կհայտարարենք։ Առաջիկա հավաքները լինելու են 25-օրյա, այլևս հրաժարվելու ենք եռամսյա հավաքներից, բայց սա լինելու է պարտադիր Հայաստանի Հանրապետության բոլոր զինապարտ քաղաքացիների համար»,- ասել է առանց համապատասխան նախագծի կառավարության նիստի ներկայացած Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ զինապարտներին հնարավորություն է ընձեռվելու ընտրել հավաքին մասնակցելու ժամկետը։

Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքել է, թե կառավարությունը որոշել էր իրականացնել եռամսյա հավաքների քաղաքականություն, սակայն պարզվել է՝ այն խնդրահարույց է, քանի որ մարդիկ աշխատում են:

«Որոշեցինք հրավիրել այն մարդկանց, որոնք աշխատանք չունեին՝ դրանով լուծելով սոցիալական խնդիր, քանի որ եռամսյա հավաքի մասնակիցները նաև վճարվում են, բայց հետագայում եկանք եզրակացության, որ արդյունավետ չէ, և որոշեցինք այն դարձնել մեկամսյա և պարտադիր բոլորի համար»,- շարունակել է Նիկոլ Փաշինյանը:

Այսինքն, փոխարենը վերանայելու և կատարելագործելու եռամսյա հավաքների համակարգը, «ոտքի վրա» որոշում են քանդել այն, և սա անում են հասարակության դժգոհությունների ֆոնին՝ փորձելով դա փոխարինել մեկ այլ՝ 25-օրյա տարբերակով, որը, ըստ էության, հայրենիքին պարտքը տալու համատեքստում հավասարություն չի ապահովելու:

Այսինքն, մեծ հաշվով, հավաքների և մարտական հերթապահության կանչվելու են դարձյալ նրանք, որոնք անհրաժեշտության դեպքում միշտ էլ գնում են, իսկ զարտուղի ճանապարհներով բանակից ազատվածները դարձյալ անմասն են մնալու երկրի սահմանների պաշտպանությունից:

Փոխարենը՝ սա բարենպաստ հող է ստեղծում, որպեսզի վաղը-մյուս օրը հասարակության դժգոհության հիման վրա ընդհանրապես վերացնեն նմանօրինակ հավաքները, հատկապես, երբ Նիկոլ Փաշինյանի որդեգրած խաղաղության դարաշրջանի շնորհիվ ՀՀ ինքնիշխան տարածքի դիրքերի թիվը գնալով պակասում է, կամ՝ դրանք հանձնվում են ԱԱԾ սահմանապահ ուժերի պահպանությանը, որտեղ արդեն գործ ունենք ծառայողական այլ իրավիճակի հետ: Բայց որ ամենակարևորն է՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ցույց կտա՝ ընդառաջ գնաց հասարակության պահանջին:

Երեկվանից ռազմական ոլորտի փորձագետները խոսում են իշխանությունների այդ գաղափարի ռիսկերի մասին՝ զգուշացնելով, որ գործ ունենք չհաշվարկված քայլերի հետ՝ արդյո՞ք ունենալու ենք անհրաժեշտ ենթակառուցվածքներ. զորանոցներ, քնելու տեղեր, նաև՝ համազգեստ, սաղավարտ, զինկոմիսարիատները պատրա՞ստ են այդպիսի ծավալով աշխատանքների:

Երկրորդ՝ ինչպես է, օրինակ, 15-20 տարի առաջ ծառայած մարդը 7 օրում կարողանալու այնպես պատրաստվել, որ կարողանա կանխել ադրբեջանական «Կոմանդո» հատուկ նշանակության ջոկատների հարձակումը: Նման հարցերի շարքը կարելի է անվերջ շարադրել:

Երբ ոստիկանները մարտական հերթապահություն էին իրականացնում՝ այդ ժամանակ անգամ դժգոհություններ կային զինվորականներից, որ ստիպված են լինում դիրքերը, ենթակառուցվածքները նրանց «հարմարեցնել», նրանց գնալուց հետո նորից փոխել: Ըստ էության, չկային առանձնացված դիրքեր ոստիկանության համար:

Հիմա Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձում է, այսպես ասած, լավ գաղափարն իրականացնել առանց գաղափարի՝ շեշտը դնելով զուտ ֆինանսական կողմի վրա, բայց այստեղ մարդկային կյանքերի հարց է․ 44-օրյա պատերազմի ժամանակ մոբիլիզացիան ձախողած իշխանությունը, այսպես ասած՝ ոտքի վրա փորձում է զորահավաքային նորամուծությունների գնալ:

Եվ հետաքրքիրն այն է, որ նրանց ոչ ոք միլիտարիզացիայի մեջ չի մեղադրում: Չնայած սա իրականում ոչ թե միլիտարիզացիա է, այլ, մեղմ ասած, բանակի սահմանադրական դերակատարումը է՛լ ավելի նվազեցնելու փորձ: Սա նաև վկայում է այն մասին, որ այսօր արդեն զինված ուժերը պայմանագրային ծառայության հետ կապված խնդիրներ ունի՝ թվաքանակի առումով:

Պահեստազորի փոխգնդապետ, ռազմական վերլուծաբան Հրաչյա Պետրոսյանցը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ պահեստազորի հավաքների պարտադիր դառնալը չափազանց կարևոր է այսօր, և ճիշտ որոշում է, սակայն այստեղ մտահոգությունն այն է, թե ինչքանով է այն աշխատելու։

«Միայն ընթացքը ցույց կտա, թե ինչ կունենանք։ Այստեղ, սակայն, բաց է մնում մեկ հանգամանք. հայտարարությունից հասկանալի է, որ խոսքն առավելապես շարքային և սերժանտական կազմի մասին է, որոշ նկատառումներով կարող է վերաբերել նաև կրտսեր սպայական կազմին, իսկ ավագ սպայական կազմի վերաբերյալ օրենսդրական բաց է առաջանալու»,- ասաց Պետրոսյանցը:

2016-ին, երբ շրջանառության մեջ դրվեց Ազգ-բանակ գաղափարը, որն իշխանության դեմ պայքարող քաղաքացիական հասարակության կողմից քարկոծվում էր, լրագրողների հետ զրույցում այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պնդել էր.

««Ազգ-բանակ» գաղափարը բացարձակ չի նշանակում՝ հասարակության զինվորականացում, այլ նշանակում է, որ պետության բոլոր կառույցները և հասարակությունը մշտապես պետք է իրենց ժամանակի մի մասը հատկացնեն երկրի անվտանգության և պաշտպանության խնդիրներին, իրենց ներդրումն ունենալ: Մենք այժմ աշխատում ենք այդ գաղափարախոսության գործնական կիրառման ուղղությունների վրա, և մոտ ապագայում մենք կտեսնենք դրանց կիրառումը քաղաքականության մեջ»:

Այս գաղափարախոսության համատեքստում 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ և Վիգեն Սարգսյանի պաշտպանության նախարար ժամանակ մշակվեց բանակի արդիականացման 2018-2025թթ. նոր յոթնամյա ծրագիրը, որի վրա աշխատել էր նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը:

Յոթնամյա ծրագիրն առաջին համապարփակ փաստաթուղթն էր, որը հստակ ձևակերպում էր նպատակները, դրանց հասնելու քայլերն ու ուղիները՝ ինչ պետք է ունենանք զինանոցում, ինչ միջոցներ է պետք հատկացնել և ինչ հերթականությամբ։

Այսինքն, գործ ունեինք բանակի զարգացման զորային բաղադրիչի ճանապարհային քարտեզի հետ:

Նշվում էր նաև, որ բանակում բարեփոխումներն իրականացնելու համար անհրաժեշտ են բանակի կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլեր, որոնք պիտի ամրագրվեին տարեկան, ամսական ծրագրերով և ամենօրյա աշխատանքով, նախևառաջ՝ զորքերում, երկրորդը՝ պիտի կազմակերպվեին համապատասխան գնումներ, որովհետև նյութական բազան շատ կարևոր է։

Նպատակը՝ ԶՈՒ կառավարման համակարգի արդյունավետության կտրուկ բարձրացում, հրամանատարման նոր սկզբունքների ներդրում, զինանոցի հագեցում գերժամանակակից և պատերազմական պայմաններին համապատասխանող զենքով և զինամթերքով, անձնակազմի ուսուցում և ներդաշնակեցում` դրված խնդիրները նոր միջոցներով լուծելու համար։

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կտրուկ արդիականացումը ժամանակի պահանջն է: Դա նաև թելադրված է՝ ինչպես այսօրվա, այնպես էլ՝ ապագայի մարտահրավերներով: Ես այսօր խնդիր եմ դնում մշակել բանակի արդիականացման նոր յոթնամյա ծրագիր՝ 2018-2025 թվականների համար: Այդ ծրագիրը պետք է իրականություն դարձնենք համատեղ ուժերով՝ ես՝ որպես գլխավոր հրամանատար, պաշտպանության նախարարը, զինված ուժերի հրամանատարական կազմը, մեր զինվորները և ողջ հասարակությունը,- ասել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և հավելել,- Մենք պետք է ունենանք աշխարհի ամենաարդիականացված բանակներից մեկը: Այսինքն` պետք է ունենանք շարունակաբար կատարելագործվող պետություն, որի շնորհիվ նաև արդիականացվում է բանակը: Դա հնարավոր է, և մենք ձեզ հետ, մեր ողջ հասարակության հետ միասին իրականություն ենք դարձնելու այդ նպատակը»:

Նիկոլ Փաշինյանն այս յոթնամյա ծրագիրը գրչի մեկ հարվածով ջնջեց, սակայն ամեն պատեհ առիթի պրոֆեսիոնալ բանակ ստեղծելուց է խոսում, մինչդեռ ճիշտ հակառակն է արվում:

Ի դեպ, Վիգեն Սարգսյանի՝ «Ազգ-բանակ» գաղափարը և դրա համատեքստում հասարակության և պետական կառույցների ներգրավումը երկրի պաշտպանության գործին ենթադրում էր համապետական զորավարժությունների պատշաճ կազմակերպում, քանի որ պետությունն է վարում պատերազմը, ինչը Նիկոլ Փաշինյանի օրոք հետին պլան է մղվել, որի արդյունքները քաղեցինք 44-օրյա պատերազմի ժամանակ:

Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանի օրոք Պաշտպանության նախարար աշխատած Դավիթ Տոնոյանը ևս բանակի զարգացման հստակ տեսլական էր ներկայացրել 2020-ի հունիսի 9-ին՝ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ԳՇ պետի պաշտոնում նշանակվելու հաջորդ օրը, կամ գործի անցնելու առաջին օրը:

Դավիթ Տոնոյանի նախորդ տեսլականը հրապարակվել էր 2018 թվականի հուլիսին:

2020-ի հունիսի 9-ի տեսլականում, մասնավորապես, նշվում էր, որ Զինված ուժերի երկարաժամկետ արդիականացման գործընթացը ներառելու է ռազմական հզորության բոլոր ոլորտները՝ առաջնագծում մարտական հերթապահությունից, հեռահար միջոցներով զսպումից, մարտական պատրաստությունից սկսած և վերջացրած ռազմական կառավարման համակարգով, մարտ վարելու նոր եղանակներով և կրթությամբ:

«Անշուշտ, առանցքային նշանակություն ունի զինված ուժերի զինանոցի համալրումը արդիական սպառազինությամբ, և այս գործում մեր աշխատանքներն իրականացնելու ենք ինչպես դաշնակից ու գործընկեր պետությունների հետ ռազմատեխնիկական համագործակցության իրականացման, այնպես էլ՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման շրջանակներում:

Մեր վարած ռազմատեխնիկական և ռազմարդյունաբերական քաղաքականությունը նախ մտասևեռված է զինված ուժերի հարվածային և կրակային խոցման հեռավորության, ճշգրտության և արդյունավետության ավելացման վրա, որի համար նախատեսվում է շարունակել բանակի զինանոցի համալրումը գերճշգրիտ հեռահար հրթիռային հարվածի, հրետանային խոցման և հակաօդային պաշտպանության ժամանակակից զինատեսակներով, ինչպես նաև առաջնահերթ բազմաֆունկցիոնալ ավիացիայով»,- գրված էր Տոնոյանի տեսլականում:

Ըստ Դավիթ Տոնոյանի, առաջնահերթություններից պետք է լիներ նաև հակառակորդի հետ անմիջական շփման բնագծերի շարունակաբար համալրումը արդիական տեխնիկական միջոցներով և մարտական խնդիրների կատարման արդյունավետության բարձրացումը:

«Մենք պետք է առավելագույնի հասցնենք մի կողմից՝ հակառակորդի դիպուկահար կրակի, դիվերսիոն ներթափանցման և հարձակման նախապատրաստման փորձերի բացահայտման, հավաստանշման, թիրախորոշման և կրակային խոցման կարողությունները, և մյուս կողմից՝ յուրային անձնակազմի քողարկման, պատսպարման և պաշտպանվածության աստիճանը»,- խոստանում էր այսօր կալանավորման մեջ գտնվող նախկին նախարարը:

Այսինքն, կան արդեն գործողությունների մշակված պլաններ, որոնցից կարող է օգտվել Նիկոլ Փաշինյանը, եթե, իհարկե, ցանկանում է, որպեսզի Հայաստանն իրականում ունենա զարգացած և պրոֆեսիոնալ բանակ, բայց նրա քայլերն այլ բանի մասին են վկայում, ինչի մասին արդեն վերևում նշեցինք:

Հարցեր է առաջացնում նաև պայմանագրային զինծառայողների համար գործող ատեստավորման կարգի փոխարեն ատեստավորման նոր համակարգի սահմանումը, որին, սակայն, կանդրադառնանք առանձին հրապարակումով:

Տեսանյութեր

Լրահոս