Արայիկ Հարությունյանն այսօր է հանդիպելու Փաշինյանի հետ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը երկուշաբթի օրն է ժամանել Երեւան, սակայն ՀՀ իշխանությունները, որոշ տեղեկություններով, տարբեր պատրվակներով դեռ չեն հյուրընկալել արցախցի գործընկերներին։ Հիշեցնենք, որ կիրակի երեկոյան, երբ պրահյան հանդիպումից ու Նիկոլ Փաշինյանի ձեռք բերած պայմանավորվածություններից հետո Արցախում բողոքի ալիք բարձրացավ, Արայիկ Հարությունյանի խոսնակ Լուսինե Ավանեսյանն «Արցախպրեսին» հայտնեց, թե Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ աշխատանքային պատվիրակություն է մեկնելու Երեւան՝ ՀՀ իշխանությունների հետ քննարկելու Արցախի եւ ՀՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակը:

«Այցի հիմնական նպատակն է՝ քննարկել 2022թ․ հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Արցախյան պատվիրակության կազմում են ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը եւ ԱՀ նախագահի խորհրդական Մասիս Մայիլյանը»,- մանրամասնել էր Ավանեսյանը:

Մենք տեղեկացանք, որ երեկ երեկոյան ժամը 18։00-ի դրությամբ դեռ որեւէ ֆորմատով հանդիպման մասին տեղեկատվություն չկար, իսկ իշխանական կուլիսներից տեղեկություններ էինք ստանում, որ Նիկոլ Փաշինյանը ձգձգում է հանդիպումը։ Արտգործնախարարն էլ դեռ չէր ընդունել, իսկ ԱԺ նախագահը երկրում չէ, մի քանի օր է՝ պաշտոնական այցով Մոսկվայում է։

Ուշագրավ է, որ նախօրեին Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի նիստ․ մենք գրել էինք, որ Փաշինյանը կարող էր մեկ օր սպասել, եւ այդ նիստին կմասնակցեին նաեւ Արցախի հյուրերը, ավանդույթի համաձայն՝ կքննարկեին հերթական՝ պրահյան պայմանավորվածությունները։ Սակայն, ըստ ամենայնի, նա Ալիեւին փորձում է նման կերպ սիրաշահել, որ իսկապես ձեռքերը լվացել է Արցախից եւ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ըստ էության, Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։

Երեկ ողջ օրը Արցախի` Հայաստան ժամանած պատվիրակության անդամներից եւ ոչ մեկի հետ մեզ կապ հաստատել չհաջողվեց, հեռախոսազանգերին չէին պատասխանում անգամ ԱՀ նախագահի խոսնակն ու խորհրդականը։ Երեկոյան կապ հաստատեցինք ԱՀ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի հետ՝ հարցնելով, թե տեղյա՞կ է կուսակցի` Վահրամ Բալայանի հանդիպումների մասին։ Սակայն պատգամավորն ասաց, որ երկու ժամ առաջվա տվյալներով՝ պարոն Բալայանը որեւէ մեկի հետ դեռ չէր հանդիպել․ «Եթե հանդիպած լիներ, ինձ կասեր, չգիտեմ՝ ինչն է պատճառը, բայց ինձ ասաց, թե փոխանցել են՝ ում հետ պիտի հանդիպեին, այս պահին հանրապետությունում չէ»։

Պատգամավորն այլ մանրամասներ չհայտնեց։ Խոսքը, թերեւս, ԱԺ նախագահի մասին է, ով Հայաստանում չէր, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ որեւէ հանդիպման կամ միջոցառման երեկ չի մասնակցել՝ համաձայն պաշտոնական կայքի։ Վերջին հանդիպումը եղել է նախօրեին, ընդունել է ԵՄ խորհրդում ֆրանսիական նախագահության ներկայացուցիչ, Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Նույն պատկերն էր նաեւ արտգործնախարարության կայքում։

Ուշ երեկոյան տեղեկացանք, որ Արայիկ Հարությունյանի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը կայանալու է այսօր` երեկ այդպես է որոշվել»:

Տեսանյութեր

Լրահոս