Պարգևավճարների և հավելավճարների ֆոնդը կնվազեցվի. փոփոխություն՝ բյուջեում

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր կառավարության քննարկմանը ներկայացրեց 2023թ. Պետական բյուջեի նախագիծը՝  նկատելով, որ այն պետք է ապահովի ֆինանսավորում այն ծրագրերի և միջոցառումների համար, որոնք պետք է իրականացվեն 2023 թվականի ընթացքում՝ Կառավարության ծրագրով սահմանված նպատակներին հասնելու համար:

«2023 թ. բյուջեի նախագիծը մշակվել է միջազգային և տարածաշրջանային դժվարին մարտահրավերների պայմաններում: Վերջին ամիսների ընթացքում համաշխարհային տնտեսական միջավայրը դարձել է ավելի անկայուն, միջազգային առևտուրը դանդաղել է, փոխադրումները դարձել են ավելի ծախսատար և ժամանակատար, ապրանքների և ծառայությունների գները շարունակում են աճել ամբողջ աշխարհում:

Նշված պայմաններն ուղղակի ազդեցություն ունեն մեր տնտեսական միջավայրի վրա, և գալիք տարվա մակրոտնտեսական միջավայրը դարձնում են դժվար կանխատեսելի: Միաժամանակ, չնայած առկա ռիսկերին և անորոշություններին՝ ՀՀ տնտեսական ակտիվությունը  դրական զարգացումներ է դրսևորում.   2022 թվականի 8 ամիսների ընթացքում տնտեսական ակտիվությունն աճել է 13.9 տոկոսով, ինչի արդյունքում պետբյուջեով սկզբնապես սահմանված  հարկային եկամուտների պլանը գերակատարվում է»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագիրը թիրախավորել է երկարատև բարձր տնտեսական աճի ապահովումը՝ տարեկան առնվազն 7 տոկոս չափով, իսկ ներկա տնտեսական զարգացումները հուշում են, որ  2022 թ. կամփոփենք 11-12 տոկոս տնտեսական աճով:

«Մակրոտնտեսական կայունությունը երաշխավորելու նպատակով՝ շարունակելու է առանցքային մնալ պետական պարտքի հուսալի կառավարումը: Վերջին մակրոտնտեսական զարգացումներն ու դրամի արժևորումը նպաստել են նրան, որ 2022թ. արդյունքներով՝ արձանագրվի ՀՆԱ-ի նկատմամբ կառավարության պարտքի զգալի բարելավում. եթե 2021 թվականի արդյունքներով կառավարության պարտքը ՀՆԱ նկատմամբ կազմում էր 60.3 տոկոս, ապա այս տարվա արդյունքներով այն կլինի 53 տոկոսից ցածր սահմանում»,- հավելեց Տիգրան Խաչատրյանը՝ նկատելով, որ հաջորդ տարվա բյուջեով տարվա ընթացքում նոր պարտքային միջոցների ներգրավումը կիրականացվի այնպես, որ տարեվերջին պարտքի հանրագումարը գտնվի ՀՆԱ-ի 50 տոկոսի սահմաններում, և դրանից ելնելով՝  2023թ. բյուջեի դեֆիցիտը ծրագրված է ՀՆԱ-ի 3.1 տոկոսի չափով։

Նա հավելեց, որ  սեփական եկամուտների և ներգրավող միջոցների հաշվին ֆինանսավորելու արդյունքում՝ 2023 թվականի ծախսերի հանրագումարը կկազմի  2 տրիլիոն 590 միլիարդ դրամ, կամ ՀՆԱ 27.8 տոկոսը, և կգերազանցի 2022 թվականի պետբյուջեով հաստատված ծախսերը 18.3 տոկոսով:

Վերջինս, ըստ նրա,  թույլ կտա ավելացնել անվտանգային և տնտեսական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորումը բոլոր սահմանված ուղղություններով, զգալի ֆինանսական ավելացումներ կկատարվեն տնտեսական և սոցիալական աջակցության ծրագրերին:

Բյուջեի նախագծով սահմանված առանձնահատկությունների համառոտ բովանդակությանն անդրադառնալով՝ նախարարը նշեց. «Առաջինն այն է, որ անվտանգային և տնտեսական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղվող կապիտալ ծախսերը զգալիորեն կաճեն և կկազմեն 557 միլիարդ դրամ, ինչը մոտ 200 միլիարդ դրամով ավելին է,  քան սահմանվել էր 2022 թվականի պետական բյուջեով:

2023 թվականին այս ցուցանիշը կհասնի ՀՆԱ 5.5 տոկոսին՝ այս տարվա համար սկզբնապես ծրագրավորված 4.5 տոկոսի դիմաց: Զգալիորեն կավելանան անվտանգության ենթակառուցվածքային հատկացումները, կշարունակեն բարձր մնալ տնտեսական ենթակառուցվածքների բարելավման ֆինանսական հատկացումները,  կավելանան սոցիալական ենթակառուցվածքների՝  կրթական և առողջապահական հաստատությունների կառուցման և հիմնանորոգման աշխատանքները»:

Այսպիսով 2023 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթղթով նախատեսվում է 286 միլիարդ դրամ հատկացումներ տրամադրել ենթակառուցվածքների և տարածքային զարգացմանն ուղղվող ծրագրերին, ինչը 2022 թվականի համար հաստատված ֆինանսավորման համեմատությամբ ավելի է 9 տոկոսով, իսկ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներին կհատկացվի 250 միլիարդ դրամի չափով, ինչը նախորդ տարվա համեմատությամբ՝ ավելի է 10.3 տոկոսով:

«Գիտության ոլորտին հատկացումները կգերազանցեն 36 միլիարդ դրամը, ինչն ավելի քան  6.5 միլիարդով ավելին է, քան այս տարվա համար սահմանված հատկացումներն են: Դա թույլ կտա բարձրացնել գիտական կենտրոնների հագեցվածությունը ժամանակակից սարքավորումներով և բարձրացնել իրականացվող աշխատանքների արդյունավետությունը: Կշարունակվի մշակութային և սպորտային հաստատությունների պայմանների բարելավումը, այդ թվում՝ դրանց տեխնիկական հագեցվածությունը:

Սոցիալական ապահովության ծրագրերին հատկացվող ֆինանսավորումը կգերազանցի 648 միլիարդ դրամը, որը 2022 թվականի բյուջեով հաստատված գումարը գերազանցում է 11.8 տոկոսով կամ 69 միլիարդ դրամով:

Կենսաթոշակների ֆինանսավորման ավելացումը կլինի ավելի քան 25 միլիարդ դրամով,  կավելացվի ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված միջոցառումների ֆինանսավորումը 17 միլիարդի չափով:

Առողջապահության ոլորտին հատկացումները 2023 թ.-ին կկազմեն 146 միլիարդ դրամ, որն ավելի քան 22 տոկոսով ավելին է 2022 թվականի բյուջեով սկզբնապես սահմանված ֆինանսավորման չափից:

Էկոնոմիկայի նախարարությանը հատկացումները կգերազանցեն 64 միլիարդ դրամը. դրանք 2022-ի  համար սկզբնապես հաստատված բյուջեն կգերազանցեն ավելի քան 22 միլիարդ դրամով, իսկ եթե համեմատենք այս տարվա ընթացքում տնտեսության աջակցության լրացուցիչ ֆինանսավորման ծավալներով ավելացված բյուջեի հետ, ապա դրանց շարունակական մասի նկատմամբ ավելացումը կլինի ավելի քան 12 միլիարդ դրամ չափով»,- թվարկեց նախարարը:

Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց նաև, որ 2023 թվականի բյուջեում 21 միլիարդ դրամ լրացուցիչ հատկացում է նախատեսված հանրային հատվածի աշխատողների աշխատավարձերի ավելացման համար: Նա մանրամասնեց նախատեսվող փոփոխության հիմքում դրված սկզբունքը:

«Նախատեսվող հիմնական փոփոխությունը վերաբերում է բազային աշխատավարձի ավելացմանը, որն ընկած է ընդհանուր աշխատավարձերի հաշվարկման հիմքում, և ներկայումս սահմանված է 66 հազար 140 դրամի չափով: Փոփոխած համակարգում բազային աշխատավարձը կսահամանվի 83 հազար 200 դրամ: Այս փոփոխությամբ վերահաշվարկված աշխատավարձի ֆինանսավորումը որոշ չափով փոխհատուցվելու է ներկայումս սահմանված պարգևավճարների և հավելավճարների համար հատկացվող ընդհանուր գումարը վերաբաշխելու եղանակով:

Արդյունքում՝ աշխատավարձերի ավելացման նպատակով բյուջեից լրացուցիչ հատկացումները կկազմեն 21 միլիարդ դրամ, սակայն գալիք տարվա բյուջեով սահմանված են լինելու այս տարվա համեմատությամբ ավելի քիչ պարգևավճարներ և հավելավճարներ»,- եզրափակեց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս