Հանցագործությունների թիվը մեկ տարվա կտրվածքով ավելացել է 5237 դեպքով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը կազմել է 20 հազար 963 դեպք: Անցած տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանում գրանցված է եղել հանցագործությունների 15 հազար 726 դեպք: Այսինքն, հանցագործությունների թիվը մեկ տարվա կտրվածքով ավելացել է 5237 դեպքով: Ի դեպ, հիմնականում աճել են ոչ մեծ ծանրության հանցագործությունները:

Անցած տարվա յոթ ամիսներին Հայաստանում գրանցվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների 8 հազար 265 դեպք, այս տարի այդ ցուցանիշը կազմել է 12 հազար 519: Այս տարվա յոթ ամիսներին կաշառք ստանալու ընդամենը 136 դեպք է գրանցվել: Ի դեպ, հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ են եղել, որոնց մասով այս տարվա յոթ ամիսներին դեպքերի նշանակալի աճ է արձանագրվել: Անցած տարվա 3 հազար 287 դեպքի դիմաց այս տարի արձանագրվել են 5 հազար 956 հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործություններ:

Նշենք նաեւ, որ հասարակական կարգի դեմ ուղղված հանցատեսակներից էլ աճը հիմնականում արձանագրվել է թմրանյութի հետ կապված հանցատեսակներում: Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գրանցված հանցագործությունների մեծ մասը՝ 11 հազար 822 դեպք, արձանագրվել է Երեւանում, հաջորդը՝ Արարատի մարզն է: Միայն Կոտայքի մարզում հունվար-հուլիսին գրանցվել է հանցագործության 1526 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 1282-ի դիմաց»։

Տեսանյութեր

Լրահոս