ԱՄՆ-ը ՀՀ-ում գտնվող իր քաղաքացիներին հորդորում է խուսափել ռուսական ավիափոխադրողներից. անվտանգային հերթական զգուշացումն է տարածվել
Միացյալ Նահանգները կոչ է անում Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին զգուշանալ: Դիվանագիտական առաքելությունը ՀՀ-ում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին անվտանգային հերթական նախազգուշացումն է արել: Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կայքում տարածված անվտանգային հաղորդագրությունում նշվում է, որ ռուսական ավիափոխադրողները շարունակում են գործել Հայաստանում:
ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է ԱՄՆ քաղաքացիներին, որ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) իջեցրել է Ռուսաստանի օդային անվտանգության վարկանիշը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանի քաղաքացիական ավիացիոն մարմինը չի համապատասխանում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) անվտանգության չափանիշներին ռուսական ավիափոխադրողների գործունեության վերահսկման համար։ Նշվում է նաև, որ ԴԱՎ-ի անվտանգության այս վարկանիշը չի վերաբերում հայկական ավիափոխադրողներին կամ ՀՀ-ին պատկանող կամ ՀՀ-ի կողմից շահագործվող ինքնաթիռներին:
Հաշվի առնելով սա՝ դիվանագիտական առաքելությունն ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է
- դիտարկել ճանապարհորդության տարբերակներ, որոնք դուրս են ռուսական ավիափոխադրողների տիրույթից,
- հետևել faa.gov կայքի թարմացումներին: