Ավարտին է մոտենում հացահատիկի բերքահավաքը

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում ավարտին է մոտենում հացահատիկի բերքահավաքը։

Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից, 2022 թվականի սեպտեմբերի 7-ի դրությամբ մարզի տնտեսություններում ցանված աշնանացան ցորենի 9 607 հեկտար արտերից հնձվել է շուրջ 9 300 հեկտարը։ Մեկ հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 16 ցենտներ։ Գարնանացան գարու 10 հազար 35 հեկտար արտերից արդեն հնձվել է շուրջ 10 հազար հեկտարը։ Մեկ հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 14 ցենտներ։

«Նման ցածր բերքատվության հիմնական պատճառը կապվում է եղանակային անբարենպաստ պայմանների հետ։ Շուրջ 2 ամիս տեւած արեւելյան եւ հարավարեւելյան չորացնող քամիները եւ անձրեւների բացակայությունը հնարավորություն չտվեցին, որպեսզի հացահատիկի հասունացման կաթնամոմային փուլը հաղթահարվի, եւ հասկը հատիկալցվի։ Իսկ այն տեղերում, որտեղ ունեցել ենք ջրովի տարածքներ, բերքահավաքն ընթացել է բարձր արդյունքներով՝ հեկտարից ստացվել է մինչեւ 50-60 ցենտներ բերք։ Որոշ տեղերում էլ հացահատիկի արտերը հնձվել են անասնակերի համար, քանի որ հասկն այդպես էլ չհասցրեց հասունանալ»,- նշեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը։

Խոսրով Խլղաթյան

Տեսանյութեր

Լրահոս