Երևանի երեք բնակիչ Գեղարքունիքի մարզում ճաղավանդակներ էին գողացել
Սեպտեմբերի 1-ին ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ գողացել են Զոլաքար բնակավայրի ջրատար առուների մետաղյա պաշտպանիչ ճաղավանդակները:
Պարզվել է, որ օգոստոսի 31-ին, ժամը 01.30-ից 03.00-ն ընկած ժամանակահատվածում, մայրաքաղաքի բնակիչներ 61-ամյա, 33-ամյա և 43-ամյա երեք տղամարդ ճաղավանդակները գողացել և տեղափոխել են 61-ամյա տղամարդու վարած «ԵրԱԶ» մակնիշի մեքենայով:
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում Գեղարքունիքի մարզի Նորատուս բնակավայրի վարչական տարածքում 61-ամյա և 33-ամյա տղամարդկանց հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են բաժին, որտեղ նրանք հայտնել են, որ երրորդ ընկերոջ՝ 43-ամյա տղամարդու հետ Զոլաքար, Վաղաշեն և Աստղաձոր գյուղամիջյան ճանապարհներից գողացել են ջրատար առուների մետաղյա ճաղավանդակները, ապա «ԵրԱԶ» մեքենայով տեղափոխել Չարենցավան և 70 000 հազար դրամով հանձնել մետաղի ընդունման կետ:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ 43-ամյա տղամարդուն հայտնաբերելու, ինչպես նաև տուժողներին պարզելու և նրանցից հաղորդում ընդունելու ուղղությամբ:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մարտունու քննչական բաժին: