Բաժիններ՝

Պակիստանում հեղեղումների զոհերի թիվը հասել է 1208-ի

Պակիստանում հեղեղումների զոհ է դարձել 1208 մարդ: Այդ մասին գրում է Dawn թերթը՝ վկայակոչելով Աղետների հետեւանքների դեմ աշխատանքի ազգային վարչությանը: Տուժած է համարվում 6082 մարդ: Զոհերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 19-ով: Բժիշկները նախազգուշացնում են առավել տուժած շրջաններում հիվանդությունների, մասնավորապես, մաշկային եւ աղիքային ինֆեկցիաների, բռնկումների մասին:

Հեղեղումները պայմանավորված են գետերի վարարումներով, որտեղ ջրի մակարդակը բարձրացել է ռեկորդային առատ մուսոնային անձրեւների եւ Հիմալայներում սառցադաշտերի հալչելու պատճառով: Պակիստանի իշխանություններն այդ երեւույթների պատճառը համարում են գլոբալ տաքացումը, նշում է AP գործակալությունը: Նրանց կարծիքով, իրադրությունը 2022 թվականին ավելի վատ է, քան 2010 թվականին, երբ հեղեղումների պատճառով զոհվել է 1,7 հազար մարդ:

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆն ավելի վաղ հայտարարել է, որ երկրում մոլեգնել են վերջին տասնամյակների ընթացքում ամենաուժեղ հորդառատ անձրեւները, որոնք հանգեցրել են լուրջ հեղեղումների: Նրա խոսքով՝ տեղատարափների հետ կապված ներկայիս իրադրությունն «աննախադեպ է վերջին 30 տարվա ընթացքում»: Ինքնաթիռներով երկիր են բերում հումանիտար օգնություն: Արժույթի միջազգային հիմնադրամը, նշելով, որ 1975 թվականի մայիսից ի վեր առաջին անգամ Պակիստանում գնաճն օգոստոսին կազմել է 27,3 տոկոս, նախազգուշացրել է, որ հեղեղումների հետեւանքների եւ տնտեսական ճգնաժամի պատճառով երկրում հնարավոր են բողոքներ ու անկարգություններ, գրում է The News թերթը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս