«Ամեն ինչ անում են, որպեսզի բոլորին խաբեն, թե Շուշին իրենցն է եղել, այսպես ասած՝ իրենց համար կենտրոն են սարքում քաղաքը». Արծվիկ Սարգսյան
Օգոստոսի 27-ին Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշի քաղաքում տեղի է ունեցել խորհրդաժողով, որին մասնակցել են Ադրբեջանում մի քանի երկրի դեսպաններ։ Արտաքին հարաբերությունների գծով Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը դժգոհել է Ադրբեջանում Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպաններից, որ մերժել են ադրբեջանական կառավարության հրավերը՝ ներկա գտնվել Շուշիում անցկացվող խորհրդաժողովին։ Հաջիևը նաև անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հասցեին՝ նշելով, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ՝ այդ երկրները «չեն նպաստել հակամարտության կարգավորմանը»։
Ադրբեջանի նախագահի խորհրդականը նաև հայտարարել է, թե հայերն ու ադրբեջանցիները կարող են միասին խաղաղ ապրել՝ որպես մեկ երկրի քաղաքացիներ։
168.am-ի հետ զրույցում Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն անդրադառնալով Ադրբեջանում հավատարմագրված տարբեր երկրների դեսպանների մասնակցությամբ Շուշիում անցկացված խորհրդաժողովին և երկրի նախագահի խորհրդականի հայտարարություններին՝ նկատեց՝ Ադրբեջանը տարբեր միջոցներով ուզում է ցույց տալ, թե Շուշին ադրբեջանական է, այդ պատճառով էլ ամեն առիթով տարբեր երկրներից մարդիկ է հավաքում ու տանում այնտեղ։
«Ամեն ինչ անում են, որպեսզի բոլորին խաբեն, թե Շուշին իրենցն է եղել, այսպես ասած՝ իրենց համար կենտրոն են սարքում քաղաքը։ Այստեղ ուրախալին այն է, որ Ադրբեջանում Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանները լավ կողմնորոշվեցին ու չուզեցին խաբվել, ուստի մերժել են Շուշիում գտնվելու հրավերը։ Նրանց համար ճշմարտությունն ակնհայտ է, մյուսները ծախու մարդիկ են»,- նշեց Արծվիկ Սարգսյանը։
Հարցին՝ եթե միջազգային հանրություն ասվածի մի մասն ընդունում է Ադրբեջանի հրավերն ու այցելում օկուպացված Շուշի, այդ դեպքում ի՞նչ սպասելիքներ պետք է ունենալ նրանցից Արցախի հարցում, Արծվիկ Սարգսյանը պատասխանեց, որ միջազգային հանրությունն Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ լուռ ու կույր էր, փոխարենը՝ այսօր Ուկրաինայի համար որևէ վայրկյան չեն լռում։
«Ինչ միջազգային հանրություն, դա արդեն հայ ազգի համար վերացած բան է, ես իրենց չեմ հավատում, իրենց որևէ ասածի»,- հավելեց Ա. Սարգսյանը։
Ինչ վերաբերում է Շուշիի ընդհանուր պատկերին, Արծվիկ Սարգսյանն ասաց, որ անզեն աչքով և լուսանկարներով տեսել է, որ բավականին բնակելի շենքեր է քանդել թշնամին։
«Քանդած շենքերից մեկը հենց մզկիթի տակի մեր շենքն է եղել, երկու շենք էր մնացել, դա էլ են քանդել, ինչ-որ հյուրանոցներ են սարքում, տեղեկություններ են շրջանառվում, որ գնացքի գիծ են ուզում անցկացնեն։ Ճանապարհով, որ անցնում ենք, Քարին Տակ գյուղի կողքով՝ ինչ-որ թունելներով, կամուրջներ են գցում, որը պետք է մտնի Շուշի։ Ինչքան լավ ու նորոգված շենքեր ունեինք, քանդել են»,- եզրափակեց Արծվիկ Սարգսյանը։