Ադրբեջանում Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպաններն անտեսել են Շուշի այցելելու՝ Ադրբեջանի կառավարության հրավերը․ Հաջիև
Ադրբեջանում Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դեսպաններն անտեսել են Շուշի այցելելու Ադրբեջանի կառավարության հրավերը: Այս մասին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ ելույթ ունենալով օկուպացված Շուշիում կայացած խորհրդաժողովում:
«Այսօր Շուշիում չկան Ադրբեջանում Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանները։ Նրանք ցուցադրաբար անտեսել են ադրբեջանական կառավարության հրավերը»,- դժգոհել է Հաջիևը:
Ադրբեջանի նախագահի օգնականը Ֆրանսիայի և ԱՄՆ-ի այդ քայլը որակել է որպես «անհարգալից վերաբերմունք Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ»՝ հավելելով, որ ամերիկյան և ֆրանսիական կողմերի կարծիքով հակամարտությունը դեռ ավարտված չէ։
Հաջիևը նաև անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հասցեին՝ նշելով, որ , որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, այդ երկրները «չեն նպաստել հակամարտության կարգավորմանը».
«Նրանք վատնել են մեր ժամանակը ամբողջ 30 տարի։ Չընդունելով հրավերը՝ նրանք հերթական անգամ անտեսեցին մեզ»,- բողոքել է Հաջիևը՝ նշելով, որ այլևս հրավեր չեն ուղարկի Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպաններին։