Բաժիններ՝

ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի համագործակցությունն Արկտիկայում մարտահրավեր է ՆԱՏՕ-ի արժեքներին եւ շահերին. Ստոլտենբերգ

Ռուսաստանի եւ Չինաստանի համագործակցությունն Արկտիկայում երկու երկրների ռազմավարական գործընկերության շրջանակներում մարտահրավեր է նետում ՆԱՏՕ-ի արժեքներին եւ շահերին: Այս կարծիքն է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն օգոստոսի 25-ին կանադական The Globe and Mail թերթում հրապարակված հոդվածում։

«Ընթացիկ տարում ավելի վաղ Պեկինը եւ Մոսկվան պարտավորվել են ակտիվացնել գործնական համագործակցությունն Արկտիկայում՝ ռազմավարական գործընկերության շրջանակներում, ինչը մարտահրավեր է նետում մեր արժեքներին եւ շահերին»,- նշել է դաշինքի գլխավոր քարտուղարը:

Նրա խոսքով՝ Չինաստանն «ընդլայնում է իր ներկայությունը» տարածաշրջանում՝ իրեն անվանելով «մերձարկտիկական պետություն»: Նաեւ, նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, Պեկինը պլանավորում է ստեղծել «Մետաքսի բեւեռային ճանապարհ», որը Չինաստանն Արկտիկայով կմիացնի Եվրոպային:

«Նա (Չինաստանը – ծանոթ. խմբ.) օպերատիվ կերպով ամրապնդում է իր ռազմածովային ուժերը, պլանավորում է կառուցել աշխարհում ամենամեծ սառցահատը: Չինաստանը նաեւ տասնյակ միլիարդավոր դոլարներ է ներդնում տարածաշրջանի էներգետիկայի, ենթակառուցվածքային եւ հետազոտական նախագծերում»,- նշել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը:

Մոսկվայի եւ Պեկինի քաղաքականության մեջ Արկտիկայի դերի մեծացման ֆոնին ՆԱՏՕ-ն «ընդլայնում է իր ներկայությունը» Ծայր Հյուսիսում, իսկ դաշինքի երկրներն անցկացնում են զորավարժություններ եւ ներդրումներ կատարում հակաօդային պաշտպանության եւ ծովային տեխնիկայի բնագավառներում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ դաշինքը պատրաստ է «գործելու ցանկացած պայմաններում եւ սպառնալիքներից պաշտպանելու դաշնակիցների տարածքի յուրաքանչյուր դյույմը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս