«Նման բան չկա, մեզանից որևէ մեկը զենքերը չի հավաքել». Սյունիքի մարզի գյուղապետերը հերքում են տեղեկությունը

Արդեն երեք օր է, լրատվադաշտում լուրեր են շրջանառվում, թե Բերձորն ու Աղավնոն թշնամուն հանձնելուց առաջ, Սյունիքի մարզում գյուղապետերից և զենք ունեցող այլ  բնակիչներից հավաքել են դրանք՝ հնարավոր միջադեպերից խուսափելու համար։

168.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Խնածախ գյուղի ղեկավար Սեյրան Միրզոյանը հերքեց տարածված տեղեկատվությունը,

«Մեզ մոտ նման բան չկա, ես չգիտեմ՝ ովքեր են նման լուրեր տարածում։ Նման հարցերն առհասարակ մեզ մոտ քննարկման ենթակա չեն, նույնիսկ դրա վերաբերյալ քննարկում էլ չի եղել, որ նման լուրեր տարածվեն։ Միաժամանակ սա այն հարցն է, որը քննարկելու չէ։ Փառք Աստծո, այս պահին գյուղերն ամեն ինչով էլ ապահովված են»,- նշեց Խնածախի գյուղապետը։

Ծավ գյուղի ղեկավար Սեյրան Զաքարյանը նույնպես հերքեց զենքերը հավաքելու տեղեկությունը։

Կարդացեք նաև

«Նման բան չկա, մեզանից որևէ մեկը զենքերը չի հավաքել։ Զենքներն իրենց տեղում են, որտեղ ի սկզբանե եղել են՝ մեզ մոտ են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սեյրան Զաքարյանը։

Խոզնավարի նախկին գյուղապետ Վարո Գրիգորյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ նման տեղեկության մասին առաջին անգամ է լսում։

«Ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում, եթե նման բան լիներ, գյուղում եմ ապրում, կիմանայի»,- եզրափակեց Վարո Գրիգորյանը։

Տեսանյութեր

Լրահոս