«Հանգուցալուծումը մոտ է»․ Գագիկ Մինասյանը կոչ է անում մասնակցել օգոստոսի 23–ի հանրահավաքին

«Շատ կարեւոր է, որ այդ հանրահավաքի հրավերին միացել են բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը։ Իմ ներքին ձայնը հուշում է, որ հանգուցալուծումը մոտ է»,– այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարել է ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը՝ անդրադառնալով Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանի՝ օգոստոսի 23-ին վարչապետի հրաժարականի պահանջով հրավիրելիք հանրահավաքին։

Մինասյանը վստահ է՝ եթե այս ընթացքը մի քիչ էլ շարունակվի, Արցախում և ՀՀ սահմաններին առկա խնդիրները հետո կտեսնենք Երևանի կենտրոնում։

«Իրավիճակի լուծման մի ճանապարհ կա՝ թուրք-ադրբեջանական գործակալներից եւ նրանց ծրագրերից պետք է ազատվել, այլապես կարճ ժամանակում ՀՀ-ն կդառնա թուրքական վիլայեթ եւ ավելի ծանր վիճակում կհայտնվի, քան վրացական Աջարիան»,- ասաց նա։

Հարցին, թե ո՞րն է երաշխիքը, որ օգոստոսի 23-ին կլինի հանրային համախմբումը, եթե չհաջողվեց «Դիմադրության» շարժմանը, Գ․ Մինասյանը պատասխանեց․ «Եթե գունավոր հեղափոխությունների ընթացքն ուսումնասիրեք, կեզրակացնեք, որ այդ հեղափոխությունների հետևանքով «թունավորված» ժողովուրդներն ուշ են վերականգնվում։

Բայց մեր ժողովրդի ապաքինումն ավելի արագ է տեւում՝ համեմատած այլ երկրների հետ։ «Թույնը» տեւական ժամանակ դեռ դուրս է գալու, որովհետեւ հաջողվել է հանրությանը «թունավորել» խաբեություններով ու մանիպուլյացիաներով։ Իսկ երաշխիքը բոլորիս՝ այնտեղ լինելն է այդ օրը»։

 

Տեսանյութեր

Լրահոս