Բաժիններ՝

Տնային ուսուցումը երեխայի կրթության իրավունքի ոտնահարում է. «Հույսի կամուրջ» ՀԿ-ի ղեկավար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել hանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների տնային ուսուցման կարգի նախագիծը:

Նախաձեռնության հեղինակների նպատակը հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում հաշվառված և առողջական վիճակի պատճառներով Հաստատություն հաճախել չկարողացող, հետևաբար՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ուսումնառությունը՝ բժշկական եզրակացության և ծնողի (օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա, տնային, հիվանդանոցային, մանկատնային պայմաններում ապահովելն է:

Ըստ նախագծի՝ սովորողների համար տնային ուսուցումը կազմակերպում է այն ուսհաստատությունը, որտեղ հաշվառված է սովորողը: Այն կարող է իրականացվել հեռավար ուսուցման ձևով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի մայիսի 20-ի թիվ 09 հրամանի համաձայն։

Քաղաքացի Սերյոժա Գյուլազյանն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում գրել է, որ իր կարծիքով՝ այս նախագծով հաշմանդամություն ունեցող անձին տանում են մեկուսացման: Գրառման հեղինակի կարծիքով՝ տնային ուսուցումն ինչքան էլ բարձր մակարդակով փորձեն կազմակերպել հաշմանդամություն ունեցող անձանց կրթության համար, միևնույն է, հետագայում նա բախվելու է խնդիրների՝ հանրակրթական միջավայրի ընտելացման, շփման, ինչպես նաև գիտելիքներն իրացնելու ժամանակ:

Կարդացեք նաև

«Հույսի կամուրջ» ՀԿ-ի ղեկավար Սուսաննա Թադևոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ սա երեխայի շահերից չի բխում:

«Տնային ուսուցումը երեխայի կրթության իրավունքի ոտնահարում է, դա երեխայի լավագույն շահերից չի բխում: Տնային ուսուցում ճիշտ նույն ձևով կարող է կազմակերպվել, եթե, օրինակ, երեխան վիրահատվել է: Այսինքն, կա խնդիր, ու որոշ ժամանակ երեխան պետք է կրթությունը տանը ստանա: Պետք է լինի հստակ սահմանված ժամանակահատված, որից հետո երեխան գնում է դպրոց, իսկ այսպես դատավճիռ է՝ ուրիշ ոչ մի բան»,- նշեց «Հույսի կամուրջ» ՀԿ-ի ղեկավարը՝ հավելելով, որ պետք է աշխատանք տարվի թե՛ դպրոցի, թե՛ ծնողի կողմից:

«Հասարակական կազմակերպությունները նրա համար են, որ փոխեն վերաբերմունքը, նպաստեն նրան, որ երեխաների միջև լինի իրար նկատմամբ հարգանք՝ անկախ իրենց մեջ եղած տարբերություններից, իսկ փորձը ցույց է տվել, որ դա շատ լավ աշխատող մեխանիզմ է: Եթե ինձ ասեք, թե տոկոսային հարաբերակցությամբ դպրո՞ցն է տնային ուսուցում ուզում, թե՞ ընտանիքը, վստահաբար կարող եմ ասել, որ ճնշող մեծամասնության դեպքերում տնային ուսուցումը ձեռնտու է ընտանիքին, որովհետև իրենց հաշմանդամություն ունեցող երեխայի ապագայի հետ կապված որևէ ակնկալիք չունեն, կրթությունը չեն տեսնում որպես կարևոր գործիք՝ երեխայի կայանալու, զարգանալու, հնարավորություն ստեղծելու համար: Նախընտրում են դժվարություն չկրել՝ դպրոց տանել, հետո գնալ ու բերել, ավելի լավ է՝ տնային ուսուցում: Սա է հարցը:

Օրինակ, Շիրակի մարզի մի քանի գյուղերից տնօրենները դիմել էին, թե ինչպե՞ս համոզեն ծնողին, որ երեխային դպրոց բերի: Ընտանիքը չի ուզում այդ ուղղությամբ ջանք գործադրել: Եթե երեխայի վիճակն այնպիսին է, որ գնալ-գալու համար անպայման օգնական է պետք, ապա երկիրը նաև հաշմանդամություն ունեցող անձանց օրենքով էլ է այդ դրույթն ընդունել, թող տրամադրեն անձնական օգնական: Ինստիտուտի ներդրմամբ մեծ թվով երեխաներ կհայտնվեն դպրոցում»,- իր տեսակետը հիմնավորեց Սուսաննա Թադևոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս