Ժաննա Անդրեասյան-Պետրոս Ղազարյան զույգի հաշվետու տարվա եկամուտներն աճել են

Իշխանությունների բարկ արևի տակ տեղավորված Ժաննա Անդրեասյան-Պետրոս Ղազարյան դուետը 2024 թվականը փակել է տպավորիչ եկամուտներով․ այդ մասին վկայում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած նրանց գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրերը։

Այսպիսով, 2022 թվականի դեկտեմբերից Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը տարին փակել է 2011 թվականին գնած և համատեղ սեփականություն հանդիսացող անշարժ գույքով՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող բնակարանով և 2022 թվականին գնած հենց 2022 թվականի արտադրության «Հոնդա» մակնիշի մեքենայով։

Նախարարը նշել է տարվա ընթացքում առկա երկու փոխառության մասին, որոնցից մի դեպքում (տարեվերջին ավելացած 30 միլիոն դրամ) պարտապան է նշվել եղբայրը՝ Արտակ Անդրեասյանը, մյուս դեպքում (տարեվերջին մնացած 4 միլիոն 770,665․6 դրամ)՝ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն։

Ժաննա Անդրեասյանի բանկային հաշվի 3 մլն 799,313 դրամ մնացորդը տարեվերջին աճել է՝ դառնալով 5 մլն 364,558.5 դրամ։

Կարդացեք նաև

Ըստ պաշտոնյայի՝ հաշվետու տարվա 51 միլիոն 451,475 դրամ եկամուտը գոյացել է ԿԳՄՍ նախարարությունից ստացած 21 մլն 451,475 դրամ աշխատանքային վարձատրությունից և/ կամ դրան հավասարեցված այլ վճարումներից ու եղբորից ստացած 30 միլիոն դրամից։ Հայտարարագրում Ժաննա Անդրեասյանը որպես ծախս է նշել 30 միլիոն դրամ վարկի մարմանն ուղղված վճարումը։

Ժաննա Անդրեասյանի ամուսինը՝ հաղորդավար և համատեղությամբ «իշխանությունների խոսնակ» Պետրոս Ղազարյանը, 2024 թվականի հայտարարագրում նշել է 2022 թվականին գնած և համատեղ սեփականություն հանդիսացող երկու բնակարանների մասին, որոնք գտնվում են Երևանի Աջափնյակ ու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում։

Պետրոս Ղազարյանը նշել է երեք փոխառության մասին, որոնցից մեկը՝ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ից ստացած 35 մլն 620,000 դրամը, տարեվերջին զրոյացվել է, «Արդշինբանկ» ՓԲԸ-ից ստացած փոխառությունը կազմել է 3 մլն 997,750 դրամ, «Բիբլոս բանկ Արմենիա» ՓԲԸ-ինը՝ 35 մլն 850,922.8 դրամ։

Նա տարեվերջին բանկային հաշվի մնացորդ է նշել շուրջ 120.000 դրամը, փոխարենը՝ տպավորիչ է աշխատավարձի չափը, որը Պետրոս Ղազարյանը ստացել է Հանրային հեռուստաընկերությունից․ այսպիսով, հաղորդավար Պետրոս Ղազարյանի 2024 թվականի եկամուտները կազմել են շուրջ 45 միլիոն դրամ (44 մլն 904,158 դրամ)։

Այս գումարը ձևավորվել է՝ Հանրային հեռուստաընկերությունից ստացած 16 մլն 675,993 դրամ աշխատանքային վարձատրությունից և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից, դարձյալ նույն հեռուստաընկերությունից ստացած 28 մլն 044,080 դրամ քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտից և «Նորք» գովազդային գործակալությունից ստացած 184,085 դրամ եկամուտից։

2024 թվականին Պետրոս Ղազարյանը 14 մլն 782,713.7 դրամ է ուղղել վարկերի մարմանը։

Հիշեցնենք, որ 2024 թվականին Ժաննա Անդրեասյանի բանկային հաշիվների մնացորդները տարեսկզբում կազմել էին 5 մլն 370,523 դրամ, իսկ տարեվերջին՝ 3 մլն 799,313 դրամ, հաշվետու տարվա 19 միլիոն 722 667 դրամ եկամուտները գոյացել էին ԿԳՄՍ նախարարությունից ստացած աշխատավարձից։

Նախարարի ամուսնու հաշվետու տարվա 32 միլիոն 935.732 դրամ եկամուտն էլ գոյացել էր Հանրային Հեռուստաընկերությունից ստացված աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից՝ 17 մլն 941,132 դրամի չափով, և դարձյալ նույն հեռուստաընկերությունից՝ քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտից՝ 14 մլն 994,600 չափով։

Տեսանյութեր

Լրահոս