Ինձ գաղտնալսելու հարցում Հայաստանի ենթադրյալ ներգրավվածությունը հեքիաթ է. Հունաստանի ընդդիմության ներկայացուցիչը հակադարձել է վարչապետին

Հունաստանում թափ է հավաքում ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցության (ՊԱՍՕԿ) առաջնորդ, եվրապատգամավոր Նիկոս Անդրուլակիսի հեռախոսի գաղտնալսման սկանդալը, որի կիզակետում երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն է: Նախօրեին Միցոտակիսը, մեկնաբանելով սկանդալը, ասել էր, որ ինքը գատնալսման մասին տեղյակ չի եղել, և եթե տեղյակ լիներ, թույլ չէր տա նման բան:

Ինչպես գրում է greekcitytimes.com-ը, Անդրուլակիսն ասել է, որ Predator (Գիշատիչ») լրտեսական ծրագիրն օգտագործվել է իր հեռախոսը գաղտնալսելու համար, մինչդեռ ընդամենը մի քանի օր առաջ ինքը հայտնվել է Հունաստանի Ազգային հետախուզական ծառայության վերահսկողության տակ:

«Մենք տեղյակ չէինք լինի այս մութ պատմության մասին, եթե չլիներ Եվրախորհրդարանի պաշտոնական զեկույցը», – ասել է քաղաքական գործիչը։

Իր հայտարարություններում Ազգային հետախուզական ծառայությունն օրինականորեն հաստատված գաղտնալսման վերաբերյալ շահագրգռվածությունը վերագրել է Հայաստանի և Ուկրաինայի խնդրանքներին, ինչը, սակայն, երկու երկրներն էլ մերժել են Աթենքում իրենց դեսպանատների միջոցով:

«Ինձ գաղտնալսելու հարցում Հայաստանի և Ուկրաինայի ենթադրյալ ներգրավվածության մասին հեքիաթներն այդ երկրների դեսպանատները հերքել են ձեզ (նկատի ունի Միցոտակիսին) համար ամենապաշտոնական և նվաստացուցիչ ձևով»,- ընդգծել է եվրապատգամավորը՝ դիմելով Միցոտակիսին։

Անդրուլակիսը կոչ է արել Հունաստանի վարչապետին անհապաղ հայտարարվել իրեն գաղտնալսելու պատճառը։ Նա հավելել է, որ չի ընդունի որևէ կոծկում և թույլ չի տա, որ Միցոտակիսը «փոքրացնի այս պատմության նշանակությունը:

«Սա անձնական հարց չէ, այլ ժողովրդավարության խնդիր է։ Ես շարունակելու եմ պայքարը, որպեսզի արդարադատության համակարգը, Հունաստանի խորհրդարանը և եվրոպական կառույցները ի հայտ բերեն ամբողջ ճշմարտությունը»,- ասել է հույն քաղաքական գործիչը։

Հիշեցնենք, որ Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը կտրականապես հերքել է Հունաստանի ընդդիմադիր ՊԱՍՕԿ կուսակցության նախագահ, եվրապատգամավոր Նիկոս Անդրուլակիսի հեռախոսազրույցների գաղտնալսման գործով Երևանի որևէ ներգրավվածությունը:
Սկանդալի կապակցությամբ Հունաստանի հետախուզական ծառայության պետՊանայոտիս Կոնտոլեոնը ու վարչապետի գլխավոր քարտուղար (կառավարության աշխատակազմի ղեկավար) Գրիգորիս Դիմիտրիադիսը պաշտոնաթող են եղել:

Հունական կառավարամետ թերթերը հայտնել են, որ գաղտնալսումն իրականացվել է Հայաստանի և Ուկրաինայի հատուկ ծառայությունների պահանջով։

«Դա անամոթ սուտ է։ Հայաստանը երբեք որևէ կառավարության չի խնդրել գաղտնալսել որևէ մեկի հեռախոսները»,- հայտնել է Հայաստանի դեսպան Մկրտչյանը politispress.gr լրատվական հարթակին։

Հունաստանի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը կոչ է արել երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին հրաժարական տալ՝ կապված այս սկանդալի հետ:

tert.am

Տեսանյութեր

Լրահոս