ՀՀ հարգելի քաղաքացիներ, դուք ավելի կաղքատանաք, կշահեն բացառապես բանկերն ու իշխանամերձ շրջանակները

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Աուդիտորների պալատի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանն է:

Այսօրվանից ուժի մեջ է մտնում «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որը, ի թիվս այլ դրույթների, նախատեսում է 300 հազար դրամը գերազանցող գործարքների անկանխիկ իրականացում։ Որքանո՞վ է այս նորարարությանը պատրաստ Հայաստանի տնտեսությունը, տնտեսվարողները, և որքանո՞վ են դրան պատրաստ մեր քաղաքացիները։ Ովքե՞ր են շահելու այս օրենքի արդյունքում՝ քաղաքացի՞ն, թե՞ բանկերը: Բնականաբար, այս հարցում լուրջ դերակատարում է ունենալու բանկային համակարգը՝ ի դեմս բանկային միջնորդավճարների։ Որքանո՞վ են իրականությանը համապատասխանում տեղեկությունները, որ բանկերը ժամանակի ընթացքում կարող են գանձել կատարվող գործարքների 5 և ավելի տոկոսին հասնող միջնորդավճար։

Ինչպե՞ս են իրականացվելու մեծ գործարքները, ասենք՝ ավտոմեքենաների կամ բնակարանների առուծախի դեպքում։

Ի՞նչ պատժամիջոցներ են կիրառվելու այս օրենքը խախտողների նկատմամբ։

Ի՞նչ է կատարվում արտարժույթի շուկայում, դոլարի ու դրամի փոխարժեքի հետ։ Մեկ ամսից ավելի ժամանակահատվածում դրամն արժևորվել է շուրջ 20 տոկոսով։ Կա՞ն այս երևույթի տնտեսական, օբյեկտիվ հիմքերը, թե՞ ճիշտ են այն կարծիքները, որ գործ ունենք իշխանությունների և իշխանամերձ շրջանակների կողմից տարվող  առավելապես սպեկուլյատիվ երևույթների հետ։

Դոլարի արժեզրկումից ովքե՞ր են տուժում և ովքե՞ր են շահում:

Տնտեսագետ Նաիրի Սարգսյանը քաղաքացիներին մանրամասն ներկայացնում է խնդիրները և սպասվող վտանգները, տնտեսության աղետալի վիճակը, իշխանությունների կողմից կոռուպցիոն բազմաթիվ դեպքերը և կառավարության անգործությունը:

Նա նշել է.

  • Հայաստանի տնտեսության վիճակն աղետալի է. կարճաժամկետ հեռանկարում սա չի ենթադրում, որ վաղը բոլորս սոված կլինենք, բայց երկարաժամկետ հեռանկարում բախվելու ենք այդ խնդրին:
  • Նվազագույն զամբյուղը չափել 53.000 դրամով, ուղղակի ծիծաղելի է:
  • Կառավարությունը խանգարում է ու նվազեցնում տնտեսության հետագա իներցիոն աճի տեմպերը:
  • Կառավարության ղեկավարը պետք է խոսեր այն մասին, թե ինչպես է կառավարության անգործության շնորհիվ ռուսական բիզնեսը տեղափոխվել Թուրքիա, Վրաստան, Ադրբեջան:
  • Հայաստանը ներդրումների համար այնքան էլ բարենպաստ երկիր չի, քանի որ մենք ունենք անվտանգային լուրջ խնդիր:
  • Տնտեսությունն անհրաժեշտ է բանակի, զինված ուժերի ստեղծման համար, բանակը, զինված ուժերն էլ իրենց հերթին՝ անհրաժեշտ են տնտեսության զարգացման համար:
  • Անվտանգային, լոգիստիկ խնդիրները չլուծած՝ պետությունը եթե մինչև վաճառք օժանդակություն չի ցուցաբերում, նշանակում է՝ պետությունը տնտեսության մասին խոսելու իրավունք չունի:
  • Տարբեր երկրներում մեր առևտրային կցորդները ոչինչ չեն անում. ունենք իրավակարգավորում, բայց ինստիտուտն աշխատեցնել չեն կարողանում:
  • Բավական է 15-օրյա ժամկետայնություն ունեցող ապրանքը 10 օր կանգնի Լարսում, և այն այլևս պիտանի չէ օգտագործման համար:
  • Մենք աշխարհից շատ կախյալ վիճակում ենք գտնվում հիմա:
  • Առաջին հերթին պետք է աուդիտի ենթարկվի կառավարության ու նախարարությունների գործունեությունը:
  • Եթե մենք ամբողջական զբաղվածություն ապահովենք, մարդիկ ժամանակ չեն ունենա հանցագործություն կատարելու:
  • Իհարկե, կա կոռուպցիա, ծաղկում է, որովհետև Հայաստանում գոյություն ունի հովանավորչություն:
  • Գույքահարկի բարձրացումը գույքի, սեփականության վերաբաշխում է. պատահական չէ, որ իշխանական պատգամավորներից մեկը Երևանի կենտրոնի բնակիչներին ասաց՝ չեն կարողանում վճարել, թող վաճառեն տները:
  • Երկու տարի է՝ պատերազմն ավարտվել է, և Իրանից Սյունիքով անցնող ճանապարհը գտնվում է գերության մեջ:
  • Մենք Հայաստանում այլևս չունենք ներքին աուդիտ, այս իշխանությունները վերացրեցին, որովհետև դա այն աչքն էր, որ բացահայտելու էր ավելի շատ, քան Հաշվեքննիչ պալատը կամ Վարչապետի վերահսկողական ծառայությունը:
  • Մենք ընդունում ենք օրենք, որը վնասելու է բիզնեսին:
  • Այսօրվանից բանկը դառնում է փողի շրջանառության բացառիկ սեփականատեր, և մոնոպոլ դիրքում գտնվելով՝ բնականաբար, անընդհատ միջնորդավճարները բարձրացնելու է:
  • Գործարքի կողմ հանդիսացող յուրաքանչյուր անձ 5% և ավելի միջնորդավճար պետք է վճարի, բայց ոչ թե պետությանը, այլ բանկերին, որոնց շահառուները մի խումբ անձինք են:
  • Մենք ունենք չկառավարվող գնաճ և նպաստում ենք, որ այդ գնաճն ավելի արագ տեմպերով զարգանա:
  • Անկանխիկ գործառնությունների մասին օրենքն ընդունելով՝ նպաստում ենք գնաճին ու հետո ասում, որ 6000 դրամով աշխատավարձ ենք բարձրացնելու:
  • Անկանխիկ գործառնությունները միանշանակ աղքատացնելու են առանց այդ էլ աղքատ բնակչությանը, ավելացնելու են ստվերային շրջանառությունը:
  • Անկանխիկ գործառնությունների մասին օրենքը, հնարավոր է, պարտադրված է դրսից, օրինակ՝ որևէ արտասահմանյան գրանտի ստացմամբ:
  • Շատ բնակարանատերեր վաճառելու են բնակարանն ու չեն կարողանալու իրենց գումարը ստանալ, նույնը՝ նաև տրանսպորտային միջոցների դեպքում:
  • Ամոթ է, երբ կառավարության ղեկավարը կառավարության նիստում խոսում է Cash back-ից, որովհետև նախ այդ համակարգը կար, բացի դրանից, այդ հայտարարությամբ նա բոլորին ուղղորդեց դեպի սուպերմարկետներ:
  • Մի կողմից՝ թոշակառուների զավակների հարկերը բարձրացնում են, հետո ներկայացնում են՝ իբրև թե կենսաթոշակները բարձրացրեցին: Ո՛չ, դուք ստում եք, դուք 50%-ով կրճատեցիք քաղաքացու թոշակը:
  • Անկանխիկ գործառնությունների մասին օրենքը խախտելու տուգանքը քաղաքացիների համար մինչև 4 միլիոն դրամ է ենթադրում. Սա որպես պատժամիջոց՝ գնում է բյուջե, որից հետո իշխանության ներկայացուցիչները՝ կառավարության անդամներ, աշխատակազմեր, նախարարներ, պատգամավորներ, ոստիկաններ և այլք, կա՛մ պարգևավճարներ են ստանում, կա՛մ տրանսպորտային միջոց են ձեռք բերում:
  • Դրամի որոշակի արժևորում պետք է տեղի ունենար օբյեկտիվ պատճառներով, բայց այսպիսի սրընթաց անկումների ականատես լինելը պայմանավորված է որոշակի սպեկուլյացիաներով:
  • Դոլարի փոխարժեքի ներկայիս տատանումներն արհեստական միջամտությունների արդյունք են, այդ թվում՝ Կենտրոնական բանկի:
  • Դրամի արժևորումը շատ մեծ վնաս է հասցնում արտահանմանը. հայկական ապրանքն այլևս մրցունակ չէ:
  • Դրամի արժևորումը լուրջ անվտանգային խնդիր է. այս քայլերով մենք նպաստում ենք, որ թուրքական ապրանքը լցվի հայկական շուկա:
  • Դոլարի բարձրացում կանխատեսվում է. բանկերը դոլար են կուտակում:
  • Այսօր տեղի է ունենում սեփականության վերաբաշխում, ՀՀ հարգելի քաղաքացիներ: Այդ մարդիկ, ի վերջո, գնալու են ՄԻԵԴ, հաղթեն, ու մենք բոլորս ենք վճարելու:

Տեսանյութեր

Լրահոս