«Մենք ո՞նց ենք գնալու Արցախ: Արցախցիները ո՞նց են գալու Հայաստան»․ Էդգար Ղազարյան
Երևանում հունիսի 25-ին տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 31-րդ նիստը, որին մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը:
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում խոսելով «Հայաստան» հիմնադրամի նիստի մասին՝ ասել է. «Սա այն նիստն էր, որտեղ պետք է քննարկվեր 2021 թվականի հաշվետվությունը: 2021թ. ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը մոտավորապես 100 միլիոն դոլար փոխանցել է ՀՀ կառավարությանը, ու մինչև հիմա ոչ ոք չգիտի, թե դա ինչի վրա է ծախսվել:
Միայն 44-օրյա պատերազմի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը հանգանակել է շուրջ 150 միլիոն դոլար փող: Այսինքն, 10 անգամ ավելի շատ փող է հավաքվել, քան ամեն տարի՝ հանգանակության ժամանակ: ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է գրել հոգաբարձուների նախկին տնօրենին՝ որպես հոգաբարձուների խորհրդի նախագահ, թե 100 միլիոն դոլարն ինչո՞ւ են տվել կառավարությանը, նա չի պատասխանել:
Հարցում են ուղարկել Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, թե ինչի՞ վրա է ծախսվել, նա լրագրողին պատասխանել է, որ գումարները մուտքագրվել են բյուջե և ծախսվել են բյուջեի հոդվածներով։ Այսինքն, աշխատավարձ, պարգևավճար, դիզվառելիքի ձեռքբերում: Ու հիմա, որ պետք է քննարկեն, թե ինչի՞ վրա է ծախսվել հիմնադրամի 10 տարվա փողը, դրա մասին ոչ մեկը չի խոսում, բայց բոլորի ուշադրությունն այն է, որ 1 դոլարանոց գրիչ է գողացել»:
Վերջին շրջանում հանրային տիրույթում ակտիվ քննարկման առարկա է դարձել Հայաստանն Արցախին կապող միակ հուսալի և երաշխավորված տրանսպորտային ուղու՝ Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհով անցնող միջանցքի հարցը, ներկայացվում է դրա «այլընտրանք» հանդիսացող այլ ճանապարհի շահագործման հնարավորությունը։ Էդգար Ղազարյանն անդրադարձավ նաև այս խնդրին՝ նկատելով.
«Բերձորում ադրբեջանական դրոշ հայտնվելուց հետո Արցախի նկատմամբ վերահսկողությունը վերջնականապես կորչելու է: Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ գրած է, որ Լաչինի միջանցքն այն է, ինչ հիմա կա, այսինքն՝ այդ քաղաքով անցնող ճանապարհը 5 կմ լայնությամբ համարվում է Լաչինի միջանցք, և Ադրեջանը պարտավորություն ունի երաշխիքներ տալ անվտանգ տեղափոխման համար: Հիմա, եթե կառուցվում է նոր ճանապարհ, որն այդ 5 կմ-ից դուրս է գտնվում, այսինքն՝ ճանապարհ է, բայց Լաչինի միջանցք չէ, հետևաբար՝ դրա նկատմամբ ոչ մի երաշխիք, պարտավորություն Ադրբեջանը չունի: Մենք ո՞նց ենք գնալու Արցախ: Արցախցիները ո՞նց են գալու Հայաստան: Մեկ էլ տեսում ես՝ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում հանձնաժողովի նիստի է. ի՞նչ են խոսել, ի՞նչ են քննարկել, ոչ ոք չգիտի»: