Ադրբեջանի Նևթչալայի շրջանը պատրաստվում է խռովության
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ապստամբության է պատրաստվում Նևթչալայի շրջանը, որը գտնվում է երկրի հարավում և սահմանակից է Կասպից ծովին: Ձեռնարկատեր Ռոշադ Զեյնալովի խոսքերով՝ շրջանում դիմակայությունը սկսվել է դեռևս հունվարի 25-ից, երբ Նավթչալայի իշխանությունները վերացրին շրջկենտրոնում տեղի ձեռնարկատերերի մոտ 30 խանութ:
Ամեն ինչ սկսվեց հաշմանդամ Փյարվիզ Գուլամօղլուի խանութի վերացումից, ինչը լցրեց տեղաբնակների համբերության աժակը և առաջացրեց նրանց վրդովմունքը: Մեկ այլ ձեռնարկատեր Թանրըվերդի Իսմայլովի խոսքերով՝ շրջկենտրոն են մտցվել մահակներով զինված ոստիկաններ, շրջանում պահպանվում է լարված իրավիճակ, քանի որ մարդիկ չափազանց դժգոհ են տեղական իշխանությունների քաղաքականությունից.
«Նևթչալան Ադրբեջանի ամենաաղքատ շրջաններից մեկն է: Այստեղ ամենուրեք տիրում է աղքատություն: Ժողովրդին ծայրահեղ դրության են հասցրել շրջանի ղեկավար Իսմայիլ Վելիևի ու նրա ճարտարապետի քաղաքականությունն ու պահվածքը, որոնք շրջանի ողջ պոտենցիալը ծառայեցրել են իրենց տնտեսական շահերին»:
Ռաշադ Զեյնալովը, ով հանդիսանում է շրջանի բողոքող ուժի առաջնորդներից մեկը, ընդգծել է, որ եթե տեղական իշխանությունները չդադարեցնեն ձեռնարկատերերի վրա գործադրվող ճնշումներն ու խանութների ավերումները, ապա շրջանում կսկսվի լուրջ դիմակայություն: