STARMUS VI փառատոնը սեպտեմբերին կհյուրընկալի աշխարհահռչակ գիտնականների ու արտիստների

Սեպտեմբերի առաջին տասնօրյակում Հայաստանը STARMUS փառատոնի շնորհիվ կդառնա գիտության, տեխնոլոգիաների, արվեստի ու երաժշտության համաշխարհային կենտրոն՝ հյուրընկալելով մեծանուն գիտնականների, աստղագետների, արտիստների։

Գիտության և արվեստի փառատոնը կանցկացվի «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված կլինի Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին։ Հատկանշական է, որ Մարս 3-ը տեղափոխել է դեպի Կարմիր մոլորակ հայ մեծանուն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M ռոբոտը։

Ասուլիսում փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանն ասաց, որ այս փառատոնը Հայաստանում անցկացնելն էքսպերիմենտ է. «Մեր հոգաբարձուների խորհուրդը շատ հարցականով էր նայում, թե ինչպիսին կլինի STARMUS-ը Հայաստանում։ Բոլորս գիտենք, որ STARMUS-ն արտակարգ կանցնի եվրոպական ցանկացած երկրում, բազմաթիվ երկրներից հրավերներ ունեինք, սակայն մերժեցինք ու որոշեցինք գալ Հայաստան ու էքսպերիմենտ անել՝ տեսնելու ժողովրդի, մեդիայի, բիզնեսի կողմից ինչպիսի ռեակցիա կլինի մեր փառատոնի նկատմամբ»։

Նա ներկայացրեց փառատոնի հիմնական ծրագիրը, որը հանդիսանում է ավանդական Սթարմուսյան փառատոնի մաս.

Մարզահամերգային համալիրի տարածքում կայանալու է «Բացահայտիր տիեզերքը և փոխիր աշխարհը» կոնֆերանսը։ Ակնկալվում է շուրջ 7000 մասնակցի ներկայություն։

Սթիվեն Հոքինգի մեդալի հանձնման արարողություն, որը ողջ աշխարհում ճանաչված է որպես գիտության հանրայնացման «Օսկար»։

«108 րոպե» կլոր սեղան քննարկում՝ նոբելյան մրցանակակիրների մասնակցությամբ։

Սթար փարթի՝ հատուկ միջոցառում աշխարհահռչակ հյուրերի ու տեղացի ներկայացուցիչների մասնակցությամբ, որը կանցկացվի Գառնիում։ Այդտեղ տեղակայվելու են փառատոնի շրջանակներում Հայաստան բերված մեծաթիվ աստղադիտակներ։

Հատուկ հայաստանյան փառատոնի համար ամենատարբեր ձևաչափերով մշակվել են ծրագրի մաս կազմող միջոցառումներ։

Գիտության ճամբար՝ Scince camp, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում տեղադրվելու են շուրջ 20 վրաններ, այն վերածվելու է գիտության և տեխնոլոգիաների մասշտաբային կենտրոնի, ուր ամենահասանելի ձևաչափարերով մեծ թեմատիկ տաղավարներով փոքրերին ու մեծերին կներկայացվեն գիտության նորագության նվաճումներն ու ձեռքբերումները՝ Աստղաֆիզիկա, Լազերային ֆիզիկա, Դրոններ, Ռոբոտաշինություն, Արհեստական բանականություն, ԱգրոՏեխ, Միջուկային էներգիա, Համաճարակաբանություն, Երկրաշարժի ուսումնասիրություններ, Կատույտ կանաչ մոլորակ, Աստղադիտակներ, Կենդանաբանություն և բուսաբանություն, Աջակցող տեխնոլոգիաներ, Տիեզերական և արհեստական արբայնակներ թեմաների շուրջ։ Ակնկալվում է շուրջ 100 հազար այցելուի մասնակցություն ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից և Արցախից։

Տիեզերական տեխնոլոգիաների երկօրյա կոնֆերանս, որն անցկացվելու է փառատոնի շրջանակում Մարզահամերգային համալիրում և ներգրավելու է շուրջ 20 համաշխարհային ճանաչում ունեցող խոսնակների, այդ թվում տիեզերական տեխնոլոգիաներով զբաղվող Satlantis ընկերությունից։

Ծրագիր՝ հայաստանյան բուհերի մասնակցությամբ, որի շրջանակում ուսանողները հնարավորություն կունենան իրենց բուհերում ունկնդրելու մեծանուն և համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների։

«STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնի ծրագրում նախատեսվում են այլ միջոցառումներ Երևանում, մարզերում՝ մի շարք կառույցների ու կազմակերպությունների հետ համագործակցությամբ։ Ձևաչափերից կախված՝ այդ կառույցներն իրենց հարկի տակ կհյուրընկալեն աշխարհահռչակ գիտնականների ու խոսնակների, արտիստների ու երաժիշտների։

Նախքան փառատոնի մեկնարկն Աղվերանում անցկացվելու է նաև աստղաֆոտոգրաֆիայի եռօրյա դպրոց, երբ ոչ աստղագետները են լուսանկարելու։ Նա ասաց, որ Հայաստանում առաջին անգամ է կազմակերպվելու աստղաֆոտոգրաֆիայի դպրոց, որտեղ նաև դասախոսություններ են անցկացվելու։

Փառատոնի շրջանակում Հայաստանը կհյուրընկալի աշխարհահռչակ տիեզերագնացների՝ Չարլզ Բոլդենին, Քրիս Հադֆիլդին, Ջիմ Բագյանին, Ջորջ Նիլդին, Չառլի Դյուկին, Նոբելյան մրցանակակիրներ Էդվարդ Մոուզերին, Քիփ Թորնին, Էմմանուել Շարպենտիեին, գիտնականների՝ Թոնի Ֆադելին, Բրայան Գրինին, Դոննա Սթրիքլենդին, արտիստների՝ Sons of Apollo խմբին, Ռիք Վեյքմանին, Սերժ Թանկյանին, Տիգրան Համասյանին, Անդրեյ Մակարևիչին, Դերեկ Շերինյանին և մի շարք այլ միջազգային ճանաչում ունեցող արտիստների ու գիտնականներին, ովքեր Հայաստան կայցելեն հատուկ փառատոնին մասնակցելու նպատակով։

Գ. Իսրաելյանի խոսքով, STARMUS փառատոնի տեսլականն է ստեղծել երիտասարդ սերնդի համար նոր ձևաչափեր, մեկտեղել գիտությունն ու արվեստը, ոգեշնչել նոր հայտնագործությունների։

«STARMUS-ի մասնակիցների 90 տոկոսը գիտության հետ երբեք կապ չեն ունեցել։ Ըստ վիճակագրության, մասնակիցների 30 տոկոսը բժիշկներ են, 40-50 տոկոսն ՏՏ ոլորտի մարդիկ, բիզնեսմեններ։ Գիտնականները սովորաբար STARMUS չեն գալիս, կարծում են գիտեն ամեն ինչ ու իրենց համար այդքան էլ հետաքրքիր չէ։ Չգիտեմ՝ Հայաստանում ինչպես կլինի, հետո վիճակագրությունը ցույց կտան։ Ինձ թվում է՝ ուսանողները շատ կլինեն»,- ասաց փառատոնի համահիմնադիրը։

Հարցին՝ հնարավո՞ր է փառատոնի հասույթից՝ տոմսերի վաճառքից որոշ մաս տրամադրվի աստղադիտակների ձեռքբերմանը, օրինակ Բյուրականի աստղադիտարանի կամ դպրոցների համար։

Գ.Իսրաելյանը նախ ասաց, որ իրենց համար շատ կարևոր է առավելագույնս հասանելի դաձնել փառատոնը երիտասարդությանն ու հասարակության ամենալայն շրջանակներին, և ի տարբերություն Եվրոպայի, ուր փառատոնի մասնակցության տոմսերի արժեքը հասնում էր 700 եվրոյի, հայաստանյան փառատոնի համար որոշվել է սահմանել հնարավորինս նվազագույն մատչելի գին՝ 25 հազար դրամ մասնակիցների և 20 հազար դրամ ուսանողների համար դասախոսությունների չորս օրերի մասնակցության համար, ապա հավելեց, որ մտածում են աստղադիտակներ ձեռք բերելու մասին, բայց ոչ Բյուրականի համար, այլ մի քանի սիրողական աստղադիտակներ նվիրել դպրոցներին։

STARMUS փառատոնը հիմնադրվել է աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանի և լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի կողմից։

STARMUS-ն անցկացվում է 2011 թվականից և միավորում է գիտությունը, կրությունը, արվեստը և տեխնոլոգիաները։ Փառատոնը մինչ այս անցկացվել է Թեներիֆեում (Կանարյան կղզիներ, Իսպանիա), Նորվեգիայում, Շվեյցարիայում։

Գ. Իսրաելյանը հայտնեց, որ հաջորդ STARMUS-ներն անցկացնելու համար արդեն հրավերներ ունեն ԱՄՆ-ից, եվրոպական երկրներից. STARMUS-ը դարձել է աշխարհում ամենահեղինակավոր ու ճանաչված փառատոներից։

Տեսանյութեր

Լրահոս