«Տաթև-Աղվանի ճանապարհի հետ կապված՝ որոշակի նախագծային խնդիրներ կան». Գնել Սանոսյան
«Ընդդիմությունն այդպես էլ չի կողմնորոշվում, թե ում մոտ, ինչ հարցով գնա։ Մեր շենքում Առողջապահության, Սոցապ, Շրջական միջավայրի նախարարությունն է։ Թող գան, քարտեզները փռենք՝ հասկանանք, թե որտեղ ենք ասֆալտ անում, ջրագիծ քաշում, թող գան աշխատենք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն՝ անդրադառնալով ընդդիմության բողոքի ակցիաներին և այն պահանջներին, որ ՔՊ-ի թիմի անդամ նախարարները պետք է հստակ ասեն՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։
Ըստ նրա, կլինի՞ միասին գնանք Վարդուշի տանը հարցազրույց անելու՝ չի լինի, հետևաբար՝ յուրաքանչյուր նախարարություն պետք է գնալ այն հարցերով, որոնք առնչվում են տվյալ նախարարությանը։
«Ժողովուրդ ջան, ճիշտ եք ասում, ես հիշում եմ, որ քաղաքական պաշտոն եմ զբաղեցնում, և լավ հիշում եմ, որ թիմի անդամ եմ։ Այդ բոլոր հարցերի վերաբերյալ իմ անձնական տեսակետն էլ ունեմ՝ և՛ որպես մարդ, և՛ որպես նախարար, բայց հարցեր կան, որոնց պատասխան տվողը ես չեմ։ Ինչո՞ւ եք ուզում Շրջակա կամ Տարածքային կառավարման նախարարը խոսի Արցախից, դրա համար կան համապատասխան գերատեսչություններ, և ի պատիվ մեր գործընկերների՝ շատ լավ աշխատում են»,- հավելեց նախարարը:
Ինչ վերաբերում է Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի այլընտրանքային ճանապարհին, որը չսարքած՝ արդեն նորից վերանորոգելու կարիք կա, Գնել Սանոսյանը ներողություն խնդրեց իր հայրենակիցներից՝ ճանապարհի անհարմարության համար։
«Բազմաթիվ անգամ ենք խոսել այս մասին, ճանապարհի մի հատվածը, որն ավելի վաղ էինք սկսել, նախատեսված չէր, որ պետք է բեռնատարներ անցնեին։ Ճանապարհի մյուս երկու հատվածները բավականին արագ կառուցվեցին, և որոշակի նախագծային խնդիրներ կան, կառուցման ժամանակ էլ էինք տեսնում, որ կարող էր նման խնդիրներ լինել, դա է եղել պատճառը, որ մենք վերջին՝ երրորդ շերտը դիտավորյալ չտեղադրեցինք»,- շեշտեց ՏԿԵ նախարարը։