Ադրբեջանի ԶՈւ–ն Ներքին Հանդ գյուղի մոտ գտնվող բարձունքներում առաջ է եկել ևս 2 հատվածում․ Sputnik Արմենիա

Ադրբեջանական ստորաբաժանումները կրկին առաջ են եկել ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի դիմաց գտնվող լեռնային տեղանքում։ Այս մասին գրում է Sputnik Արմենիա-ն։

Ներքին Հանդ գյուղի շրջանում առաջխաղացման մասին տեղեկությունն առաջին անգամ հայտնվեց 2021 թվականի մարտին, այդ մասին ահազանգեցին տեղի բնակիչները։
Դրանից հետո ՀՀ ՊՆ–ն հաստատեց, որ Ադրբեջանի ԶՈւ–ն դեռ 2021 թվականի գարնանն է ներխուժել գյուղի ուղղությամբ գտնվող տարածք։ Ավելի ուշ նրանք եղանակային պայմանների պատճառով լքել են տարածքը և ձնհալից հետո վերադարձել։
Մինչև 2022 թվականի մարտ ամիսն այդ մասին պաշտոնական տեղեկություն չկար։ Միաժամանակ հստակ է, որ Ադրբեջանի ԶՈւ–ն այդ ուղղությամբ ճանապարհ է հարթել 2022 թվականի մարտ–ապրիլին, ինչը երևում է արբանյակից արված լուսանկարներում։

Թարմ կադրերում նկատվում է, որ արդեն իսկ հաստատված առաջխաղացումից բացի (սլաք 1), ադրբեջանական սահմանապահ զորքն առաջ է եկել ևս երկու հատվածում (սլաք 2 և 3)` խորանալով Սյունիքի մարզի տարածք։

Մի դեպքում (սլաք 2) ճանապարհաշինարարական ակտիվ աշխատանքներ են կատարվել ապրիլի 20-ից հետո, մյուս դեպքում` (սլաք 3) ենթադրաբար մայիսին։

Ներքին Հանդ գյուղի բնակիչները Sputnik Արմենիայի հետ զրույցում ասացին, որ տեղյակ չեն առաջխաղացման մասին։ Դա զարմանալի չէ` հաշվի առնելով լեռնային տեղանքը։

Աղբյուրը ՀՀ ՊՆ հարցում է ուղարկել պարզելու համար` երբ է տեղի ունեցել ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը ՀՀ տարածք։ Պատասխանը ստանալուն պես կհրապարակենք։
Նշենք, որ սա Սյունիքի հարավի միակ հատվածը չէ, ուր ներխուժել է Ադրբեջանի ԶՈւ–ն։ Sputnik Արմենիան պարզել էր, որ Ադրբեջանի ստորաբաժանումները դեռ մոտ մեկ տարի առաջ Հայաստանի տարածքում զգալիորեն ավելի հարավ են շարժվել Վարդասար կոչվող բարձունքի հատվածում։

Ավելի ուշ ՀՀ ՊՆ–ն, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը, հաստատել էր առաջխաղացման փաստը։ Մեզ հայտնել էին, որ հակառակորդը մարտական դիրքեր է տեղադրել 2021 թվականի մայիս–հունիսին։

Տեսանյութեր

Լրահոս