Զինված և դիմակավորած բազմաթիվ ԱԱԾ–ականները՝ ԱԳՆ շենքի մոտ՝ ընդդիմության բողոքի ակցիային
Այսօր ընդդիմությունը բազմաթիվ քաղաքացիների ուղեկցությամբ կրկին Ֆրանսիայի հրապարակից քայլերթով գնաց դեպի Վազգեն Սարգսյան փողոց՝ Արտգործնախարարության և մյուս նախարարությունների շենքի մոտ։
Այնտեղ հասնելուն պես, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ պահանջում են՝ նախարարները հանդիպեն ընդդիմադիր պատգամավորների հետ, որպեսզի Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամները ներկայացնեն իրենց դիրքորոշումն այն հայտարարության վերաբերյալ, որը հրապարակել էր օրերս՝ Ֆրանսիայի հրապարակում։
Որոշ ժամանակ սպասելուց հետո նախարարներն այդպես էլ չհանդիպեցին պատգամավորների հետո, ինչից հետո Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ շենքում գտնվող նախարարությունների ղեկավարները որևէ բացատրություն չունեն այն փաստաթղթի հետ կապված, որը ներկայացվել է ժողովրդի կողմից:
«Վախենում, խուսափում ու փախնում են պատգամավորների հետ հանդիպումից: Իրենք իրենց աշխատանքային օրն սկսում և ավարտում են ոստիկանական վահանների հետևում: Մեկ անգամ ևս արձանագրում ենք, որ կառավարության անդամները պարզապես փախած են»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը և բողոքի ակցիայի մասնակիցներին առաջարկեց գնալ այլ ուղղությամբ:
Մինչ ընդդիմադիրները Ֆրանսիայի հրապարակից կհասնեին Վազգեն Սարգսյան փողոց, այնտեղ արդեն տեղակայված էին մեծաթիվ ոստիկանական ուժեր՝ զինված վահաններով ու սաղավարտներով։
Թեպետ, բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարել էին, որ ցանկանում են հանդիպել նախարարների հետ, ԱԳՆ շենքի մոտ իշխանությունները կենտրոնացրել էին Ազգային անվտանգության ծառայության համազգեստով և ԱԱԾ տարբերանշանով բազմաթիվ ուժեր՝ ձեռքներին պահած զենքով։ Նրանց հետ էին նաև դիմակավորված անձինք՝ կրկին զինված։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում