«Հայ երիտասարդի գլուխը ջարդելով՝ տանում եք, խի՞ եք նման բան անում»․ գյուղատնտեսության նախկին փոխնախարարը՝ ոստիկանին

Այսօր ժամը 14։00-14։30-ի սահմաններում լարված իրավիճակ էր ստեղծվել Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ։  Ոստիկանության աշխատակիցները, այդ թվում՝ հատուկջոկատայինները, բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկեցին Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ակցիա իրականացնող տասնյակ քաղաքացիների։

168.amը ֆիքսել է, թե ոստիկաններն ինչպիսի անհարգալից վերաբերմունք են դրսևորում գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանի նկատմամբ։ Մասնավորապես՝ ոստիկանության կապիտանը քաշում է Աշոտ Հարությունյանի թևից, ապա հրում նրան։

Ինչպես ոստիկանների և Հարությունյանի զրույցից պարզ դարձավ, վերջինս շտապում էր մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարան, սակայն տեսնելով, թե ինչպիսի բիրտ ուժի կիրառմամբ են բերման ենթարկում երիտասարդ մի տղայի, նախատել է ոստիկաններին, ինչին էլ հաջորդել է ոստիկանության կապիտանի նման գործողությունը։

«Ձեզ խնդրեցին հեռանալ այստեղից, դուք չենթարկվեցիք։ Պարզաբանում եք հիմա ուզում, որի ժամանակը հիմա չի»,- Հարությունյանին ասաց ոստիկանության մայորը։

«Ինչի՞ ինձ հեռացրեցիք»,- ոստիկանին հարցրեց Աշոտ Հարությունյանը։

«Որովհետև դուք խանգարում էիք մեր ծառայությանը»,- պատասխանեց մայորը։

«Ինչի՞ն, որ գլուխը ջարդելով՝ հայ ես տանո՞ւմ․․․»,- բարկացած ասաց Հարությունյանը։

«Վե՛րջ, դա ձեր գործը չի, մեր մասնագիտականն է ու կարիքը եղած դեպքում սահմանափակում ենք։ Պա՞րզ ա»,- պատասխանեց մայորը։

Այս խոսքից հետո տարածքում ներկա ոստիկանության փոխգնդապետը հորդորեց, որպեսզի որևէ մեկը չշփվի քաղաքացիների հետ։

Ի պատասխան փոխգնդապետի հորդորին, ոստիկանության մայորն ասաց, թե Հարությունյանը պրովոկացիա է անում, ապա դիմելով նրան՝ ասաց․

«Լա՛վ, վե՛րջ, կարաք գնաք ձեր համար հանգիստ, որտեղ որ ուզում եք»։

Հարությունյանն ասաց, որ ինքն այդտեղ է կանգնում։ Այդ պահին ոստիկանության ավագ-լեյտենանտն իր վերադասի ներկայությամբ անհարգալից վարք դրսևորելով Հարությունյանի նկատմամբ՝ ասաց․

«Գնա՛ հարկայինի դեմը կայնի, հարկայինի՛»։

Ավագ-լեյտենանտը հեռացավ տարածքից, իսկ Հարությունյանի վրդովմունքին, թե ինչո՞ւ է նման բան ասում, ոստիկանության փոխգնդապետը փորձեց արդարացնել գործընկերոջը՝ պատասխանելով․

«Բայց կարող ա ձեր հետ չէր․․․»։

Աշոտ Հարությունյանը մեկ անգամ ևս անդրադառնալով բերման ենթարկելու միջադեպին՝ փոխգնդապետին ասաց․

«Ես մետրո եմ գնում, տեսնում եմ՝ հայ երիտասարդի գլուխը ջարդելով՝ տանում եք, խի՞ եք նման բան անում․․․»։

«Եթե նմանատիպ բան եք նկատել, գնացեք հայտարարություն տվեք․․․ Խնդրում եմ, ոստիկանին  մի սադրեք դուք․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս