Բռնի ուժի կիրառմամբ քաղաքացիներին բերման են ենթարկում

Ոստիկանության աշխատակիցները, այդ թվում՝ կարմիր և սև բերետավորները, 14։30-ի սահմաններում բերման ենթարկեցին Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ հավաքված ակցիայի մասնակիցներին։

168.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են ոստիկանության ծառայողները քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ կիրառում։ Նշենք, որ բերման ենթարկվող քաղաքացիների թվում կային անչափահասներ, տարեցներ, լրագրողներ:

Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժման մասնակիցներն առավոտյան ժամը 11։00-ին Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել էին դեպի Կառավարության երրորդ մասնաշենք:

Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ գնում են Կառավարության 3-րդ մասնաշենք՝ ավելի վաղ Ֆրանսիայի հրապարակում իրենց հայտարարած պահանջները ներկայացնելու և պարզելու, թե  շենքում նստած նախարարներն ինչ դիրքորոշում ունեն:

Պատգամավորներին թույլ չտվեցին շենք մտնել, ինչից հետո իրավիճակը լարվեց, ակցիայի մասնակիցների և շղթա կազմած ոստիկանների միջև բախում սկսվեց։

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի հրապարակած պահանջներն էին.

  • «Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը:
  • Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:
  • Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև պետք է լինի հուսալի ցամաքային կապ․ Արցախն անկլավ չի լինելու:
  • Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է:
  • Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրսբերման նախապայմանով:
  • Սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության ամբողջականության խաթարումը:
  • Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բացառվում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Հայոց ցեղասպանությունը:
  • Ադրբեջանի և Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ»։

Հենց այս պահանջների վերաբերյալ գործադիրում աշխատող պաշտոնյաները պետք է իրենց դիրքորոշումը հայտնեին:

Տեսանյութեր

Լրահոս