Բաժիններ՝

36, 24 տարի աշխատած, պատիվ, հարգանք ունեցող բժշկին այսօր անհիմն ասում են՝ դու պետք է չաշխատես. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բ/կ–ի սրտաբանական բաժանմունքի բժիշկներն ահազանգում են

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից հերթական բժիշկների խումբն է ազատվել աշխատանքից:

168.am-ի խմբագրություն դիմած սրտաբանական բաժանմունքի արդեն նախկին աշխատակիցները հայտնեցին, որ մայիսի 2-ին իրենց կանչել և պարտադրել են աշխատանքից ազատվելու դիմումներ գրել՝ պատճառաբանելով, թե բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվում է:

«Մայիսի 2-ին ամբողջ հիվանդանոցի անձնակազմին կանչեցին, ասացին՝ եկեք ազատման դիմում գրեք, քանի որ վերապրոֆիլավորվում ենք: Մեր հարցին՝ թե ինչո՞ւ, ի՞նչ չափանիշներով եք առաջնորդվել, պատասխանեցին, որ խորհուրդն այդպես է որոշել, մենք էլ ասացինք՝ խորհուրդն ո՞վ է: Մեկը գցում է փոխտնօրենի վրա, փոխտնօրենը՝ բաժնի վարիչի: Մեր վրա ժամ դրեցին, ասացին՝ մինչև ժամը 5-ը պետք է դիմումը գրեք: Մտածում էինք, քանի որ վերապրոֆիլավորվում է հիվանդանոցը, միգուցե մոտեցումն այսպիսին է. ազատման դիմում գրենք, հետո նորից հրահանգ լինի աշխատանքի անցնելու: Աշխատանքից ազատել են մայիսի 19-ով»,- մեզ հետ զրույցում պատմեցին բժիշկները:

Նրանք նշեցինք՝ բոլորը եղել են հաստիքով աշխատողներ, կորոնավիրուսի ժամանակ ևս աշխատել են:

«Ոչ նկատողություն, ոչ նախազգուշացումներ ենք ունեցել, ոչ զեկուցագրեր կան մեր դեմ գրված: Ոչ մի նման խնդիր չենք ունեցել: Մենք այն բուժքույրերն ու բժիշկներն ենք եղել, ովքեր անգամ բաժնի վարիչին են սովորեցրել, թե ինչպես աշխատի: 36, 24 տարի աշխատած, պատիվ, հարգանք ունեցող բժշկին այսօր անհիմն ասում են՝ դու պետք է չաշխատես: Ո՞նց թե: Ի՞նչն են հիմք ընդունել. խաբարբզիկ, խոսք-տանող բերող չենք, գլուխներս կախ աշխատել ենք, դրա համա՞ր: Միայն սրտաբանական բաժանմունքից 5-6 բժիշկ, 6-7 էլ բուժքույր է ազատվել աշխատանքից: Մի մարդու քմահաճույքի պատճառով մենք այսօր մնում ենք անգործ: Մենք ներդրում չե՞նք ունեցել այդ հիվանդանոցում, ուղղակի վիրավորական է՝ այդպես բռնել ու դուրս շպրտել»,- ասացին բժիշկները՝ հավելելով, որ դիմելու են դատարան:

Կապ հաստատեցինք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի համակարգող Աիդա Կարապետյանի հետ, ով խնդրի առնչությամբ տվեց հետևյալ պարզաբանումը. «Քովիդ համավարակի ավարտով ու կլինիկայի վերաբացումով պայմանավորված` աշխատանքային հարաբերություններում փոփոխություններ են տեղի ունենում։ Ինչ վերաբերվում է հարցին, թե իբր դիմում գրելիս գրված չէ, թե որ օրով են աշխատանքից ազատվում, տեղեկացնեմ, որ գործատուն կարող է դիմումի ներկայացման պահից 30 օրվա ընթացքում լուծել պայմանագիրը: Բացի այդ, նրանք հրավիրվել են համապատասխան բաժին՝ ծանոթանալու իրենց ազատման հրամանին, որտեղ նաև օրվա մասին է բնականաբար նշված, սակայն արդեն նախկին աշխատակիցները հրաժարվել են վերցնել իրենց օրինակը, որը օրենքի պահանջի համաձայն՝ ուղարկվել է նրանց հաշվառման ու բնակության հասցեներով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս