Ինձ վիրավորողներն ու հայհոյողները, հուսամ, մեկ օր կզղջան իրենց արարքների համար. Արտակ Բեգլարյան
Ի լրումն նախորդ գրառմանս (հղումն այստեղ).
Ուղիղ տեքստով փաստեմ, որ համերգի վերաբերյալ իմ երեկվա անմեղ գրառման շուրջ ջրերի պղտորումը տեղի է ունեցել հայաստանյան ներքաղաքական տեղեկատվական դաշտում այն մանիպուլյատիվ կերպով օգտագործելու հետևանքով: Մասնավորապես, սկզբում տարբեր էջեր ու լրատվամիջոցներ մեկնաբանեցին այն որպես «ՄԻԱՅՆ ՀԱՄԵՐԳ»՝ ստվեր գցելու նախընթաց հանրահավաքի կայացման փաստի վրա: Այնուհետև այդ մանիպուլյացիային տրվեցին ոմանք՝ հանիրավի կերպով ինձ մեղադրելով «դավադրության» մեջ: Քանի որ՝
Ա) Համերգն ու հանրահավաքն առանձին միջոցառումներ էին,
Բ) Համերգի համակազմակերպիչներից էր նաև ԱՀ կառավարությունը, իսկ հանրահավաքի կազմակերպման հետ կառավարությունը կապ չուներ,
Գ) Տեսանյութում ներկայացված էր հենց համերգից հատված,
Այդ պատճառով մտքովս չի էլ անցել հանրահավաքի մասին նույն գրառման մեջ գրել, առավել ևս, երբ իմ էջն ամենևին միակ տեղեկատվական աղբյուրը չէ Արցախում և ես էլ միջոցառումների լուսաբանման պարտավորություն չունեմ: Այնուամենայնիվ, եթե որևէ կերպ սպասեի, որ նման մանիպուլյացիաներ կլինեն, այդ դեպքում, բնականաբար, գրառմանս մեջ նախազգուշական կերպով կնշեի նաև նախընթաց հանրահավաքի մասին, իսկ հանրահավաքի վերաբերյալ իմ կարծիքն արդեն արտահայտել եմ:
Ցավում եմ նաև, որ ոչ միայն գրառումս, այլ նաև իմ անձը դարձել է ներքաղաքական տհաճ տեղեկատվական փոխհրաձգությունների թեմա՝ ոմանք վիրավորելով ինձ, ոմանք էլ՝ պաշտպանելով՝ այդ ընթացքում իրար ևս վիրավորելով: Ուստի, հորդորում եմ բոլորին խուսափել այս թեման ու իմ անձը ներքաղաքական լույսի ներքո քննարկելուց, քանի որ իմ գրառումն ու գործունեությունը որևէ կապ չունեն այդ գործընթացների հետ: Իսկ ես Հայրենիքի հանդեպ իմ պարտավորությունները կատարում եմ իմ լիազորությունների շրջանակներում՝ որպես պետական պաշտոնյա:
Վերջում ներողություն եմ հայցում բոլորից իմ կամքից անկախ հարուցած թյուրիմացության համար, իսկ ինձ վիրավորողներն ու հայհոյողները, հուսամ, մեկ օր կզղջան իրենց արարքների համար: