«Այստեղից չենք հեռանալու, մինչև պատգամավորների ու նախարարների հանդիպումը տեղի չունենա». Իշխան Սաղաթելյան
Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց ՝ մինչև ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներին չընդունեն, բողոքի ակցիայի մասնակիցները տեղից չեն շարժվի։
Հիշեցնենք, որ առավոտյան ընդդիմադիրները Ֆրանսիայի հրապարակից քայլերթով շարժվեցին դեպի Կառավարության մասնաշենք, հայտարարելով, որ պետք է հանդիպեն շենքում նստած նախարարների, պաշտոնատար անձանց հետ և լսեն նրանց դիրքորոշումը այն հայտարարության վերաբերյալ, որն ընդունել էին օրերս Ֆրանսիայի հրապարակում, այն է, որ Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդին՝ ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը։ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Հայաստանի և Արցախի միջև պետք է լինի հուսալի ցամաքային կապ։ Հայաստանն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բացառվում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Հայոց ցեղասպանությունը և այլն։
Այուհետև պահանջվեց, որ ոստիկանները բացեն շենքի մուտքը և ապահովեն ընդդիմադիր պատգամավորների մուտքը դեպի շենք, սակայն ոստիկանները մուտքը չբացեցին, ինչից հետո բախում սկսվեց ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև։ Դրանից հետո ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ շենքի մոտից չեն հեռանա, մինչև ընդդիմադիր պատգամավորներին հնարավորություն չտան ներս մտնել։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում