Մասնագետները կոչ են անում ԱՀԿ-ին և կառավարություններին կապիկի ծաղիկի դեմ ավելի շատ միջոցներ ձեռնարկել
Վարակիչ հիվանդությունների որոշ հայտնի մասնագետներ հորդորում են Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը ավելի արագ գործողություններ ձեռնարկել՝ ավելի քան 20 երկրում տարածված կապիկի ծաղիկի աճող բռնկումը զսպելու համար: Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը։
Նրանք պնդում են, որ կառավարությունները և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չպետք է կրկնեն COVID-19 համաճարակի բռնկման ժամանակ գործած սխալները, ինչը նպաստեց վիրուսի տարածմանը:
Թեև վարակն այնքան փոխանցվող կամ վտանգավոր չէ, որքան COVID-ն, գիտնականներն ասում են, որ պետք է ավելի հստակ ուղեցույց լինի, թե ինչպես պետք է մեկուսացվի կապիկի ծաղիկով վարակված անձը, մշակվեն ավելի հստակ խորհուրդներ, թե ինչպես պաշտպանել վտանգի տակ գտնվող մարդկանց և կատարելագործված թեստավորում ապահովվի հավանական վարակակիրներին հայտնաբերելու համար:.
«Եթե սա էնդեմիկ դառնա (ավելի շատ երկրներում), մենք կունենանք ևս մեկ տհաճ հիվանդություն և ստիպված կլինենք շատ դժվար որոշումներ կայացնել», – ասել է Շվեյցարիայի Զարգացող վիրուսային հիվանդությունների Ժնևի կենտրոնի պրոֆեսոր Իզաբել Էքերլը:
ԱՀԿ-ի որոշումը, որ բռնկումը գլոբալ առողջապահական արտակարգ իրավիճակ է, ինչպես եղավ COVID-ի կամ Էբոլայի դեպքում, կօգնի արագացնել հետազոտությունը և ֆինանսավորումը հիվանդությունը զսպելու համար:
«Դա քննարկման փուլում է, բայց դեռևս չկա արտակարգ կոմիտեի օրակարգում», – թեմայի վերաբերյալ ասել է ԱՀԿ-ի առողջապահական արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայք Ռայանը:
Այնուամենայնիվ, փորձագետներն ասում են, որ քիչ հավանական է, որ ԱՀԿ-ն շուտով նման եզրակացության գա: Էքերլը կոչ է արել ԱՀԿ-ին խրախուսել երկրներին ավելի համակարգված և խիստ մեկուսացման միջոցներ ձեռնարկել նույնիսկ առանց արտակարգ դրություն հայտարարելու: