Porsche-ն ստեղծում է Ferrari-ի «կործանիչ»
Porsche-ի ինժեներները, որոնք աշխատում են նոր սուպերմեքենայի ստեղծման վրա, արդեն հասցրել են կնքել իրենց նոր մոդելը «Ferrari-ի կործանիչ» անվամբ։
Porsche ընկերությունն առայժմ խիստ գաղտնի է պահում նոր մեքենայի տեխնիկական բնութագրիչները, սակայն լրագրողներին հաջողվել է որոշ մանրամասներ իմանալ։
Այսպես, Automobile ամսագիրը նշում է, որ Porsche-ի ինժեներները իրենց նոր մեքենան անվանում են նաև Fefi. այն Ferrari և Fighter (մարտիկ կամ կործանիչ) բառերի միաձուլումն է։ Լրագրողները կարծում են, որ դա չափազանցություն չէ, քանի որ նոր մեքենան 100 կմ/ժ արագությանը հասնում է 2.5 վայրկյանում։
Նախնական տվյալների համաձայն, նոր Porsche-ի 3.9 լիտրանոց շարժիչը կունենա 600 ձիաուժ հզորություն և զինված կլինի 4 տուրբո-արագացուցիչներով։ Տուրբինների այդպիսի քանակ այս պահին ունի միայն Bugatti Veyron-ը, սակայն նրա շարժիչի ծավալը 8 լիտր է։ Այնպես որ, չի բացառվում, որ նոր Porsche-ն միաժամանակ «սպանի» նաև Bugatti-ին։