Վանուատուի խորհրդարանը երկրում կլիմայական արտակարգ դրություն է հայտարարել
Վանուատուի խորհրդարանը գլոբալ տաքացման հետևանքով երկրում արտակարգ կլիմայական իրադրության մասին բանաձև է ընդունել: Այս մասին հայտնել է Radio New Zealand-ը՝ նշելով, որ Վանուատուի Հանրապետությունը դարձել է խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առաջին կղզի-պետությունը, որը նման որոշում է ընդունել:
Վանուատուի Հանրապետությունը համարվում է գլոբալ տաքացման հետևանքով ամենաշատը տուժող երկրներից: Գիտնականների կանխատեսումներով՝ արդեն 2030 թվականին կղզեխմբի շրջանում միջին ջերմաստիճանն ամեն տարի կավելանա 1 աստիճանով, ծովի մակարդակը տասնամյակի վերջում կբարձրանա 18 սանտիմետրով, իսկ մինչև հարյուրամյակի վերջը կղզի-պետության ամբողջ տարածքը կանցնի ջրի տակ:
Խորհրդարանի ընդունած բանաձևում ասվում է, որ «գոյություն ունի արտակարգ կլիմայական իրադրություն, որը սպառնալիքի տակ է դնում Վանուատուի Հանրապետության մարդկանց ու բնության գոյությունը»: «Կլիմայի փոփոխությունն ու դրա հետևանքներն արդեն հիմա սպառնում են երկրի ներկայիս բնակիչների ու նրա ապագա սերունդների կյանքին»,- ասվում է փաստաթղթում:
Վանուատուի վարչապետ Բոբ Լոմանի խոսքով՝ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրները «չեն կարող գոյատևել, եթե հարուստ երկրների կորպորացիաներն ու կառավարությունները շարունակեն իրենց շահույթը գնահատել ավելի, քան մարդկանց կյանքն ու մոլորակի բարեկեցությունը»։