Տուն, որտեղ ես վերածնվում եմ ու հավատով լցվում
Խաղաղության մեջ ապրելուց ավելի կարևոր բան, թերևս չկա: Որքան ապրում ենք, այնքան ավելի ենք երազում խաղաղություն գտնելու մասին: Հետաքրքիր է, վերջին ժամանակներում խաղաղություն վերագտնելու համար քայլերս ինձ շարունակ տանում են եկեղեցի: Նախկինում, միշտ փորձում էի ինքս հաղթահարել ներսիս տագնապները, բայց հիմա հասկացել եմ, որ եկեղեցին միակ վայրն է, որտեղ ես կարողանում եմ ազատվել բոլոր բացասական մտքերից, ինձ անհանգստացնող ապրումներից, հոգիս տանջող հույզերից:
Որքան հաճախ եմ այցելում եկեղեցի, այնքան ավելի եմ համոզվում, որ այնտեղ ես դառնում եմ ավելի իմաստուն ու հավատքով զորացած: Ես այնտեղ ազատվում եմ իմ թուլություններից, վախերից, հոգսերից: Երեկ, երբ եկեղեցուց դուրս եկա երկար ժամանակ այնպիսի մի ուժի ներքո էի գտնվում, որ մտածում է ես երբեք չեմ կարող ավելի կատարյալ լինել, եթե Տիրոջ կամքը ինձ հետ չլինի: Ու այդ պահին հիշեցի Քրիստոսի խոսքերը, որ ասաց մեզ. «Չգիտեք, որ Աստծո տաճար եք դուք, եւ Աստծո Սուրբ Հոգին է բնակվում ձեր մեջ: Եթե մեկն Աստծո տաճարն ապականի, Աստված էլ նրան պիտի ապականի. որովհետեւ սուրբ է Աստծո տաճարը, որը դուք եք» Ա Կորնթ. 3;16-17:
Ամեն անգամ այդ տաճարը մտնելուց Աստծուց միայն մեկ բան եմ խնդրում, որ ինձ երբեք չբաժանի իրենից, չհեռացնի իր Տնից, որովհետև ես միայն այնտեղ եմ ինձ լիարժեք զգում, ես այնտեղ եմ հասկանում, ով է ինձ ապրեցնողն ու պաշտպանողը:
Չարի գլխավոր նպատակը մարդու հոգին Աստծուց օտարելն է, որովհետև այդ հոգին նրա համար անարժեք է: Այնինչ, Հիսուս այդ հոգու համար Իր կյանքը տվեց և արժանիորեն փոխադարձն է պահանջում մարդուց: Ուստի, մենք ամեն օր պետք է պայքարենք մեր հոգիների փրկության համար, քանզի գալու է այն օրը, երբ մենք կանգնելու ենք Տիրոջ առաջ. «Քեզ գրում եմ այս բանը, որովհետեւ հույս ունեմ, որ շուտով կգամ: Իսկ եթե ուշանամ, դու կիմանաս, թե ինչպես պետք է վարվես Աստծո տան մեջ, որ կենդանի Աստծո Եկեղեցին է` սյուն եւ հաստատություն ճշմարտության: Եվ հայտնապես մեծ է աստվածապաշտության Խորհուրդը, որ հայտնվեց մարմնով, արդարացավ Հոգով, երեւաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսների մեջ, հավատալի եղավ աշխարհում եւ Երկինք վերացավ փառքով» Ա Տիմ.3;14-16: