ՊԵԿ-ը հրապարակել է համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագիրը. նախորդ տարվա համեմատ՝ 3.3 %-ով ավելի քիչ հարկ վճարող է ընդգրկվել

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2022թ. հուլիսի 1-ից մինչև 2023թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համալիր ստուգումների տարեկան ծրագիրը: Կոմիտեն այս տարի նույնպես նվազեցրել է համալիր հարկային ստուգումների քանակը, քանի որ առաջնահերթությունը տրվում է վերլուծական գործիքակազմի կիրառմանը՝ նպաստելով հարկ վճարողների ինքնահայտարարագրմանը:

Հաստատված ծրագրով նախատեսված է համալիր հարկային ստուգումներ իրականացնել 725 հարկ վճարողի մոտ, ինչը շուրջ 3.3 տոկոսով պակաս է նախորդ տարվա քանակից (նախորդ տարի հաստատված ցանկը ներառում էր 750 հարկ վճարող): Այս տարի հաստատված ծրագրում նույնպես գերակշռում են բարձր ռիսկայնության խմբում ներառված սուբյեկտները` շուրջ 98.5% (նախորդ տարի այդ ցուցանիշը կազմել է շուրջ 98%):

Համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված հարկ վճարողների 2021 թվականի իրացման շրջանառությունը (համախառն եկամուտը) կազմում է գնահատված բոլոր հարկ վճարողների հայտարարագրած իրացման շրջանառության (համախառն եկամտի) շուրջ 53.4%-ը (նախորդ տարվա ծրագրով այդ ցուցանիշը կազմել է շուրջ 42%):

2022 թվականի հուլիսի 1-ից մինչև 2023 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացվող համալիր հարկային ստուգումների ծրագիրը տեղադրված է ՊԵԿ պաշտոնական կայքում («Հարկային տեղեկատվություն» բաժնի «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից նախատեսվող ստուգումների պլան»)ենթաբաժնում:

Պետական եկամուտների կոմիտեն համոզված է, որ հարկային մարմին-հարկ վճարող արդյունավետ համագործակցությունը շարունակելու պայմաններում տարեցտարի կրճատվելու են համալիր հարկային ստուգումները` նպաստելով ինքնուրույն հարկերի հաշվարկման և վճարման գործընթացին:

 

Տեսանյութեր

Լրահոս