Սա Արցախի և Հայաստանի մի շարք տարածքների փաթեթային, փաստաթղթավորված հանձնելու ծրագիր է. Արտակ Զաքարյան
Գարեգին Նժդեհի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանն անդրադարձավ մայիսի 22-ին Բրյուսելում կայացած Շառլ Միշել-Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև եռակողմ բանակցությունների արդյունքներին ու հայտարարությանը, որն օրեր առաջ տարածել էր ԵԽ նախագահ Շառլ Միշելը։
«Ըստ Շառլ Միշելի հայտարարության, Հայաստանը ճանաչում է ոչ միայն թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքները, այլև Բաքվի տարածքային ու կոմունիկացիոն ավելի լայն պահանջներ»,-ասաց Արտակ Զաքարյանը՝ հիշեցնելով, որ բազմիցս ասել են, որ ինչպես սահմանագծման, այնպես էլ քարտեզների ու այսպես կոչված՝ անկլավների շուրջ քննարկումները զուտ տեխնիկական խնդիր չեն, ինչպես ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը, այլ ամբողջ Արցախի, նաև Հայաստանի մի շարք տարածքների փաթեթային, փաստաթղթավորված հանձնելու ծրագիր։
«Համաձայն այդ ծրագրի, հայկական Արցախն ամբողջությամբ փոխանցվում է Ադրբեջանին, Հայաստանը հրաժարվում է Արցախի և արցախահայության ինքնորոշման իրավունքը պաշտպանելուց։
Բացի այդ, Հայաստանի տարածքը մասնատվում է մի քանի միջանցնքներով՝ ի հաշիվ այդ տարածքների նկատմամբ ՀՀ ինքնիշխան իրավասության սահմանափակման կամ փաստացի վերացման»,- նշեց Արտակ Զաքարյանը։
Արդյունքում, նրա խոսքով, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից որպես տրանսպորտային միջանցք դիտարկվող կոմունիկացիաներով թուլանալու է Հայաստանի կապը Իրանի և Վրաստանի հետ։
«Հաղորդակցությունները Բաքվին առանձնապես պետք չեն։ Խնդիրը Հայաստանի տարածքի մասնատումն է՝ Հայաստանի լիակատար մեկուսացմամբ ու շրջափակմամբ։ Շառլ Միշելի կողմից Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի կապի հիշատակումը նշանակում է, որ Հայաստանը, Ադրբեջանը և ԵՄ-ն արդեն իսկ գնում են մի ճանապարհով, որտեղ Լեռնային Ղարաբաղը, որպես քաղաքական, աշխարհագրական միավոր, վերացած է, և Հայաստանի կապիտուլյանտ իշխանությունները համաձայնել են Ալիևի կողմից սահմանված նոր վարչատարածքային բաժանման հետ, որտեղ Լեռնային Ղարաբաղ հասկացություն ուղղակի գոյություն չունի։Իսկ Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների վերաբերյալ ՔՊ-ական դատարկախոսությունները Արցախի ոչ մի կարգավիճակ չեն ենթադրում»,- նկատեց Արտակ Զաքարյանը։
Նա ընդգծեց՝ պատահական չէ, որ այս օրերին Ադրբեջանում սկսել են խոսել Արցախի ժողովրդի՝ Ադրբեջանի քաղաքացի համարվելու անհրաժեշտության մասին։
Արտակ Զաքարյանը հատկանշական համարեց այն, որ բրյուսելյան բանակցություններից հետո հնչած հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա Արցախում ռուսական խաղաղարար առաքելության մասին, որն այսօր, ըստ էության, Արցախի բնակչության անվտանգության ու հարաբերական խաղաղության միակ իրական երաշխիքն է։
«Իսկ սա նշանակում է, որ ինչ-որ մի պահից Ադրբեջանն ու Թուրքիան, Հայաստանի դավադիր իշխանությունների լուռ համաձայնությամբ, եթե իհարկե, մենք մինչև այդ չհաջողենք, բայց մենք հաջողելու ենք, պահանջ է ներկայացնելու Ռուսաստանին՝ խաղաղարարներին դուրս բերելու համար՝ հիմնավորելով, որ իբրև թե արդեն ունեն խաղաղության պայմանագիր, և Ադրբեջանը ստանձնել է Արցախի բնակչության իրավունքներն ու անվտանգության երաշխավորությունը։
Այս հերթական դավադրության հեղինակը Նիկոլ Փաշինյան անունով մեկ անձի իշխանությունն է։ ՀՀ իշխանությունը, ըստ էության, համաձայնություն է տվել մի պլանի, որտեղ Ադրբեջանի և Թուրքիայի առաջադրած պայմաններով կեղծ խաղաղության օրակարգի, ինչպես նաև կոմունիկացիաների ապաշրջափակման անվան տակ մենք զրոյացնելու ենք մեր տարածաշրջանային դերակատարությունն այն աստիճան, որ այլևս ոչ մի պետություն լուրջ չի վերաբերելու ՀՀ ինքնիշխանությանը։
Նիկոլի ապաշնորհության հետևանքով Հայաստանը համարվելու է աշխարհաքաղաքական բալաստ, սեփական տարածքային ամբողջականությունն ու ինքնուրույնությունը չապահովող անպետք սուբյեկտ, որի անկախությունն այլևս ոչ մի գերտերության պետք չի լինելու»,- ասաց Զաքարյանը՝ նշելով, որ պայքարը պետք է շարունակել՝ թույլ չտալու համար, որ հերթական ավանտյուրիստական ծրագիրն իրականանա։