Ծիծեռնակաբերդի խճուղու ճանապարհահատվածի փլուզման հետևանքով խողովակաշար է վնասվել

«Ծիծեռնակաբերդի խճուղում ճանապարհահատվածի փլուզման պատճառով վնասվել է նաև 200 գծամետր խողովակաշարը»,- այս մասին քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի Ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն Սամվել Մելքոնյանը՝ հավելելով, որ Դավիթ Բեկ փողոցում էլ քարհանքի շահագործման ընթացքում մոտ 100 գծամետր խողովակ է վնասվել:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, խոսքն ուղղելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանին՝ ասաց. «Պայմանավորվել էինք, որ այնտեղ (նկատի ունի Ծիծեռնակաբերդի խճուղին) գիշերային հերթափոխով պետք է աշխատեն, բայց ժամը 10-ի կողմերն էի այնտեղ, տեխնիկա չէր աշխատում: Հասկանանք՝ հիմա ո՞նց ենք առաջ շարժվում»:

Կամո Արեյանը պատասխանեց, որ համաձայն քաղաքապետի հանձնարարականի՝ ճանապարհի վերակառուցման աշխատանքները սկսվել են:

«Փլվածքի ամբողջ երկայնքով պետք է ճանապարհը վերակառուցվի, իրականացվեն ամրացման աշխատանքներ: Միևնույն ժամանակ պետք է վերակառուցվեն բոլոր գործող ստորգետնյա կոմունիկացիաները: Առայժմ գազատարին ձեռք չի տրվել, որովհետև դրա անհրաժեշտությունը չկա, հեղեղատար համակարգն ամբողջությամբ նորովի կվերականգնվի, այդ թվում՝ ոռոգման խողովակը: Համապատասխան մասնագետների հետ երեկ եղել ենք տեղում, հաշվարկներն այսօր կավարտեն, վաղը փոխադարձ համաձայնությամբ կքննարկվի, և կսկսվեն աշխատանքները: Այսօրվանից կամ վաղվանից կանցնեն եռահերթ աշխատանքային ռեժիմի, այդ թվում՝ գիշերները, որպեսզի կարճ ժամանակահատվածում ամրացումն ավարտվի, և ճանապարհի երկու գծով երթևեկը բացվի»,- նշեց Կամո Արեյանը:

Տեսանյութեր

Լրահոս