«Ոստիկանական պատերի ետևում պախկված՝ խոսում են խաղաղությունից». Դավիթ Գալստյան
«Այսօր Արցախում շունչները պահած՝ սպասում են Հայաստանում փոփոխությունների, քանի որ պատերազմից հետո այն իրավիճակը, որը ստեղծվել է Արցախում, շարունակում է մնալ թե՛ սոցիալական հարցերում, թե՛ անվտանգային հարցերում: Բոլորը զգում են, որ եթե այսօր Հայաստանը փորձում է ձեռքերը լվանալ Արցախից, ապա Արցախը մնալու է մեն-մենակ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:
Նա խորհուրդ տվեց ՀՀ իշխանություններին՝ խաղաղության դարաշրջան հենց Արցախում ապրելով բացեն. «Ոստիկանական պատերի ետևում պախկված՝ իշխանությունը խոսում է խաղաղությունից այն դեպքում, երբ այսօր ՀՀ սահմաններն են վտանգված: Փորձում են մանիպուլյատիվ ձևով ներկայացնել այդ խաղաղությունը, և իրենց չեն հասնում այն հորդորդներն ու մտահոգությունները, որոնք հնչում են Արցախից: Այդ «խաղաղության դարաշրջանն» ի հաշիվ Արցախի տարածքային ամբողջականության, ինքնորոշման իրավունքի են ուզում բացել»:
Դավիթ Գալստյանը նկատեց, որ ապրիլի 13-ին ԱԺ-ում Փաշինյանի արած հայտարարությունից գործող իշխանությունները դեռ հետ չեն կանգնել, և ավելի շատ հիմա խոսվում է Արցախի հայերի անվտանգության հարցից. «Դա բավարար չէ, որովհետև Ադրբեջանը պարբերաբար հայտարարում է, թե բազմազգ ժողովուրդ են, շատ ազգեր են անվտանգ ապրում Ադրբեջանում, այսինքն՝ փորձում են Արցախը հավասարեցնել նույն ուդիների, թալիշների համայնքներին: Սակայն արցախահայությունն իր կարմիր գծերը գծել է. ուղղակի թույլ չենք տալու՝ որևէ մեկը իր աթոռին ավելի երկար մնալու համար Արցախը դարձնի մանրադրամ կամ խաղաքարտ»:
Դիտարկմանը՝ Էդմոն Մարուքյանը նշում է, որ Փաշինյանը չի ասել՝ իջեցնում է նշաձողը, նա արձագանքեց. «Էդմոն Մարուքյանին խորհուրդ կտանք գնա բժշկի, նորից լսի այդ հայտարարությունը, որ իբր թե միջազգային հանրությունն է պահանջում: Եթե միջազգային հանրություն ասելով՝ Ադրբեջանից և Թուրքիայից բացի, այլ միջազգային հանրություն նկատի ունեն, թող կոնկրետ ասեն, թե ովքեր են: Սա՝ այն դեպքում, երբ Ֆրանսիայում երկու պալատները պատերազմից հետո ճանաչեցին Արցախի անկախությունը: Թող կոնկրետ ասեն, թե միջազգային հանրության որ հատվածն է ուզում այդ նշաձողն իջեցնել»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում