ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցության հարցում Թուրքիայի դիրքորոշումն անփոփոխ է. Քուրթուլմուշ
Թուրքիայի դիրքորոշումը ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցության հարցում անփոփոխ է մնալու: Այս մասին հայտարարել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը:
«Թուրքիան իր դիրքերից չի նահանջի, մենք անդառնալիության կետում ենք, նահանջի մասին խոսք լինել չի կարող: Մենք խոսում ենք մի երկրի մասին, որը թանկ գին է վճարել ահաբեկչության դեմ պայքարի համար, զոհվել է մեր գրեթե 40 հազար քաղաքացի», – ասել է Քուրթուլմուշը CNN Türk-ին տված հարցազրույցում` նկատի ունենալով Թուրքիայում արգելված Քրդական բանվորական կուսակցությանը (PKK):
Ավելի վաղ անդամակցությանը դեմ էր հանդես եկել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Մասնավորապես նա թուրքական կողմի դիրքորոշումը բացատրել է Շվեդիայի և սկանդինավյան այլ երկրների կողմից քուրդ զինյալներին, ում Թուրքիան համարում է ահաբեկիչ, աջակցելու հանգամանքով: «Սկանդինավյան երկրները նման են ահաբեկչական կազմակերպությունների հյուրատան», – ասել է Էրդողանը։