«Հայաստան» համահայկական հիմնադրամից ազատված աշխատակիցը կոչ է անում միանալ պայքարին

«Բոլորս ունենք ընկերներ, բարեկամներ, որոնք սրտով, հոգով մեզ հետ են, սակայն դուրս չեն գալիս պայքարի, քանի որ վախենում են կորցնել աշխատանքը:

Ես երեկ կորցրել եմ իմ աշխատանքը. ասեմ, որ բացարձակ վախենալու չէ, և ընդհակառակը՝ բորբոքում է այն ցանկությունը, որ օր առաջ ազատվենք այս անօրինություններից և մեր հայրենիքը հիմնահատակ քանդող իշխանություններից»,- Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին աշխատակից Աննա Մանուկյանը:

Հիշեցնենք՝ Աննա Մանուկյանը երեկ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ ազատվել է աշխատանքից ընդդիմության ակցիաներին մասնակցելու պատճառով։

«2012 թվականից աշխատում էի իմ շատ սիրելի համահայկական հիմնադրամում՝ որպես ծրագրերի համակարգող և երեկ տնօրենի կողմից ստացել եմ աշխատանքից ազատվելու հրաման, քանի որ մասնակցում եմ ցույցերին:

Նշեմ, որ ցույցերին մասնակցել եմ բացառապես աշխատանքային ժամերից հետո:

Իմ սկզբունքները վեր են ամեն ինչից, և աշխատանք կորցնելը շատ փոքր խնդիր է, երբ բոլորս այսօր կանգնած ենք հայրենիքը կորցնելու վտանգի առջև:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը աշխարհասփյուռ կառույց է, որը համախմբելով աշխարհասփյուռ հայերին՝ 30 տարի շարունակ շենացրել է Հայաստանը և Արցախը: Հենց հիմնադրամի շնորհիվ է, որ դարձել եմ ավելի հայրենասեր, ավելի շատ սիրել Արցախը, և այսօր մեր պայքարը հենց այդ ամենը չկորցնելու համար է»,- նշեց Աննա Մանուկյանը՝ հավելելով, որ «Եռաբլուրը մեծացնողի դեմ» իր պայքարը սկսել է դեռ 2018 թ. ապրիլից:

Տեսանյութեր

Լրահոս