«Անկլավների մասով» Ադրբեջանը դեռևս իրավական հիմքեր չի ներկայացրել. ԱԽ քարտուղար
Հայկական կողմն ունի իրավական հիմավորումներ՝ Ադրբեջանում գործող «անկլավների» մասով, իսկ Ադրբեջանը դեռևս չի ներկայացրել իրավական հիմքեր: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Լրագրողը հիշեցրեց՝ ադրբեջանական կողմից հնչում են հայտարարություններ, թե իբր Հայաստանում անկլավներ կան, որոնք պետք է սահմանազատման գործընթացում տրվեն Ադրբեջանին:
Գրիգորյանը պատասխանեց՝ Ադրբեջանը դեռևս չի ներկայացրել իրավական հիմքեր այդ անկլավների մասով:
«Մինչդեռ հայկական կողմն ունի իրավական հիմնավորումներ Ադրբեջանի տարածքում գործող անկլավների մասով: Եվ այս մասով Հայաստանի դիրքորոշումը շարունակում է մնալ հետևյալը՝ մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը իրավական հիմքեր կներկայացնի իր կողմից ներկայացվող անկլավների հարցում, եթե իրենք այդպիսի հարցեր են բարձրացնում»,- ասաց Գրիգորյանը: