Ո՞վ է իշխանության բերել Փաշինյանին, ինչո՞ւ է «աջակցում» ԱՄՆ դեսպանը. մեկնաբանում է Շարմազանովը
Մայրաքաղաքում վաղ առավոտից մեկնարկած քայլերթերը շարունակվում են: Իշխանության հրաժարականի պահանջով ընդդիմության խաղաղ անհնազանդության ակցիաները տեղի են ունենում Երևանի տարբեր վարչական շրջաններում։
«Եթե մտավախություն ու մտահոգություն չունենայինք, ինչի՞ պիտի պայքարեինք, հենց էդ մտահոգությունն ու կասկածն է բերել։ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը ապազգային ու հակապետական ռեժիմ է, որն իրականացնում է թուրք-ադրբեջանական ծրագրերը: Դա է տասնյակ հազարավոր քաղաքացիներին դուրս բերել փողոց»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք մտավախություն չունե՞ն, որ մինչ ընդդիմությունը փողոցում բողոքի ակցիաներ է իրականացնում, իշխանությունը կարող է ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը:
Շարմազանովի խոսքով, որքան Հիտլերը կապ ունի քրիստոնեության հետ, այնքան էլ Նիկոլի ռեժիմը՝ ժողովրդավարության:
Խոսելով Արցախի հակամարտության շուրջ տեղի ունեցող բանակցությունների մասին, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ 2018 թվականից սկսած Հայաստանը և Արցախը տանում են դեպի ծրագրված պարտություն, իսկ պայքարը հենց նրա համար է, որպեսզի կանխեն և՛ նշաձողի իջեցումը, և՛ ապազգային իշխանության գոյությունը Հայաստանում:
Էդուարդ Շարմազանովը խոսեց նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանի երեկվա հայտարարությունների մասին՝ նշելով, որ ԱՄՆ–ն աջակցում է Փաշինյանին, որովհետև ինքն է նրան կարգել այստեղ իշխանության:
Նրա պնդմամբ՝ Փաշինյանն իրականացնում է արևմուտքի աշխարհաքաղաքական ծրագիրը:
«Բոլտոնն եկավ Հայաստան ու ասաց, որ հայ ժողովուրդը պետք է հրաժարվի իր պատմական կաղապարներից: Ո՞րն է այդ պատմական կաղապարը, Բոլտոնը ո՞ր երկրի պաշտոնյան էր, ԱՄՆ նախագահի անվտանգության գծով խորհրդականն էր: Իսկ պատմական կաղապարները՝ եկեղեցին է, արցախյան հիմնահարցը, ցեղասպանության միջազգային ճանաչումը․․․»,- մանրամասնեց Շարմազանովը:
Մանրամասները՝ տեսանյութում