Ժողովուրդը մանդատ է տվել՝ հեռացնել կապիտուլյանտին, վերականգնել երկրի արժանապատվությունը. Հայկ Մամիջանյան
Վաղ առավոտից մայրաքաղաքի տարբեր փողոցներում մեկնարկել են ընդդիմության խաղաղ անհնազանդության ակցիաները: Քաղաքացիների մի խումբ քայլերթով անցնում են Գայի պողոտայով դեպի Մյասնիկյան պողոտա՝ արտահայտելով իրենց բողոքը գործող իշխանությունների և Արցախի հարցում նրանց վարած քաղաքականության դեմ:
«Շարժման առաջին իսկ օրվանից մենք օր օրի ունենում ենք մասնակիցների՝ անշեղորեն աճող թվեր»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ մեկնաբանելով իշխանության կողմից շրջանառվող այն թեզը, որ մարդիկ քիչ են դուրս գալիս փողոց և մի քանի հազար հոգով չեն կարող հրաժարական պահանջել:
«Առավոտյան ժամը 7-ին կամ հորդառատ անձրևի ժամանակ, երբ քաղաքացիները վրաններում են, նկարել Ֆրանսիայի հրապարակն ու ներկայացնել, որ Փաշինյանը երջանկություն ունենա ու էդ օրն իր համար հանգիստ անցնի, դա իրենց խնդիրն է, բայց դա թող չպրոյեկտեն հասարակության վրա»,- նշեց Մամիջանյանը:
Ինչպես կարձագանքեք ԱԺ-ում ձեր բացակայությունների անչությամբ ձեզ մանդատներից զրկելու՝ իշխանության քննարկումներին՝ հարցին, պատգամավորը պատասխանեց, որ մանդատները իշխանությունը չի տվել ընդդիմությանը, որ մի հատ էլ քննարկեն՝ զրկե՞լ, թե՞ ոչ, մանդատները տվել է ժողովուրդը:
Ինչ վերաբերում է բացակայություններին, ապա, Մամիջանյանի խոսքով՝ հենց իշխանությունն է բացակա իրական քաղաքական գործընթացից, իսկ իրենք ընտրողների, քաղաքացիների, հայրենակիցների կողքին են, ու իրական քաղաքական գործընթացը տեղի է ունենում հենց փողոցում:
«Անդրադառնալ էդ հարցին ու փորձել վերլուծել, նույնիսկ հարկ չեմ համարում: Մեզ մանդատը տվել է ժողովուրդը, մենք այն իրացնում ենք հենց այն ուղղությամբ, ինչի համար ստացել ենք՝ հեռացնել կապիտուլյանտին, վերադարձնել մեր երկրի արժանապատվությունը»,- նշեց Հայկ Մամիջանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում