Ծաղկաձորի Golden Palace հյուրանոցը կգործի Mercure բրենդի ներքո
Accor- ը՝ աշխարհի առաջատար հյուրանոցային խումբը և Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ ընկերությունը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր, որի շրջանակներում կբացվի առաջին հյուրանոցը Mercure բրենդի ներքո: Նոր Mercure-ը կբացվի 2022 թվականի վերջում,Ծաղկաձոր քաղաքում գտնվող Golden Palace Hotel Resort and Spa հյուրանոցի վերակառուցման արդյունքում,որը տեղակայված է լեռնադահուկային և կլիմայական հանգստավայր՝ Ծաղկաձորի սրտում:
«Մենք ուրախ ենք հաստատել մեր ներկայությունը Հայաստանում և ներկայացնել այստեղ մեր ամենահայտնի ապրանքանիշերից մեկը՝ Mercure-ը: Ծաղկաձորը հիանալի հանգստավայր է բոլոր եղանակների համար, որը հարուստ բնությամբ և լեռնադահուկային վազքուղիների որակով հաջողությամբ կարող է մրցակցել միջազգային մակարդակով։
Վստահ եմ, որ ճանապարհորդների կողմից ճանաչելի և սիրված հյուրանոցային բրենդի այստեղ հայտնվելը կնպաստի հանգստավայրի զարգացմանը և ճանաչելիության աճին՝ ամբողջ աշխարհի զբոսաշրջիկների մոտ։ Մենք Հայաստանում տեսնում ենք զարգացման հսկայական ներուժ և ձգտում ենք գրավել առաջատար դիրք այս զարգացող շուկայում: Հուսով ենք, որ այս տարածաշրջանում առաջիկա տարիներին մենք կկարողանանք զբոսաշրջիկների ընտրությանը ներկայացնել 7-ից 10 Accor-ի նոր նախագծեր»,- ասում է Accor New East Europe-ի գլխավոր տնօրեն Ալեքսիս Դելարոֆֆը։
Mercure-ը կբացվի հայտնի Golden Palace Hotel Resort and Spa հյուրանոցի վերակառուցման և վերաբրենդավորման արդյունքում և հյուրերին կներկայացնի սպասարկման միջազգային ստանդարտների բոլոր առավելությունները և հասանելիություն հավատարմության եզակի ծրագրին ALL – Accor Live Limitless:
«Մենք ուրախ ենք սկսել համագործակցություն միջազգային հյուրանոցային գործընկերոջ հետ և հայտարարել Golden Palace հյուրանոցի վերակառուցման մասին, որն ավարտվելուց հետո կբացվի Mercure բրենդի ներքո։ Մենք հուսով ենք շարունակել մեր համագործակցությունը Accor Group ընկերության հետ և մոտ ապագայում նախատեսում ենք նույն տարածաշրջանում կառուցել նոր օբյեկտ՝ ապարտ-հյուրանոցի ձևաչափով։ Ծաղկաձորը Հայաստանի լավագույն լեռնադահուկային հանգստավայրերից մեկն է և մենք ուրախ ենք մեր ներդրումն ունենալ զբոսաշրջության և հյուրանոցային ոլորտի զարգացմանը այս տարածաշրջանում, ինչպես նաև Հայաստանի այլ քաղաքներում՝ նոր նախագծերով,որոնք քննարկման փուլում են»,- մեկնաբանում է Մահմուդ Սաադը։ Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ ընկերության տուրիզմի բաժնի ղեկավարը։
Հիշեցնենք, որ 2018թ–ի նոյեմբերին ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) փաստով։ Շատ կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, թե Ավետիսյանի ընտանիքը Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելիս» հյուրանոցը նվիրել է պետությանը։ Դիմումը ներկայացվել է 2018թ.-ի նոյեմբերի 19-ին, որից շուրջ մեկ տարի անց միայն՝ 2019 թվականի սեպտեմբերին, Արմեն Ավետիսյանի հյուրանոցը փոխանցվեց պետությանը կառավարության որոշմամբ։
Գործադիրը որոշել էր այն նաեւ օտարել՝ աճուրդի միջոցով, սակայն այս երկու տարիների ընթացքում գնորդ չէր հայտնաբերվել, իսկ գույքն էլ մաշվում էր, գինը կորցնում։
Ի վերջո, 2022թ․ փետրվարին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովի նիստում հանձնաժողովն ամփոփել է «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալին օտարելու նպատակով հայտարարված մրցույթի արդյունքները։
Հայտարարված մրցույթին ներկայացվել է 1 մասնակցության հատ՝ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի կողմից։
Մրցութային հանձնաժողովի կողմից ներկայացված հայտի ուսումնասիրության արդյունքում, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոց թիվ 34/1 հասցեի անշարժ և շենք-շինությունների ներսում գտնվող շարժական գույքի օտարման նպատակով հայտարարված մրցույթի հաղթող է ճանաչվել «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ին։
Նշենք, որ հյուրանոցի նվիրատվությունից հետո Արմեն Ավետիսյանի դեմ հարցուցված քրեական գործը կարճվեց։