Բաժիններ՝

Երևանում մի շարք պոլիկլինիկաներ կմիավորվեն

Մայիսի 24-ի Երևանի ավագանու նիստում կքննարկվի Երևանի ենթակայության ներքո գտնվող մի շարք բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպման  հարցը:

Ըստ  Երևանի ավագանու որոշման՝ մայրաքաղաքի ենթակայության ներքո գտնվող  «Թիվ 1 պոլիկլինիկա», «Թիվ 5 պոլիկլինիկա» և «Քաղաքային էնդոկրին դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերությունները կվերակազմակերպվեն՝  միանալով «Թիվ 4 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը, «Արաբկիր մանկական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը՝ «Նոր Արաբկիր» առողջության կենտրոն փակ բաժնետիրական ընկերությանը, «Սարի Թաղ» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը՝ «Թիվ 17 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը,  «Նորագավիթ պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը՝ «Թիվ 13 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը, և  «Նուբարաշեն» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը կմիանա «Նոր Արեշ» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ պոլիկլինիկաները սպասարկում են  10000-25000 բնակչությանը:

Երևանի ենթակայության «Քաղաքային Էնդոկրին դիսպանսեր» ՓԲԸ-ի /այսուհետ՝ դիսպանսեր/ կողմից մատուցվում են ներզատաբանական նեղ մասնագիտական ծառայություններ, այդ թվում՝ էնդոկրին հիվանդներին մասնագիտացված ախտորոշում, էնդոկրին հիվանդությունների վաղաժամ հայտնաբերում և կանխարգելում, ցերեկային ստացիոնարի կազմակերպում և ինսուլինի դոզաչափման կարգավորում: Սակայն ներզատաբանական նեղ մասնագիտական ծառայությունները, որպես բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայություններ, հանդիսանում են պոլիկլինիկական բուժհաստատություններում ծավալվող պարտադիր դիսպանսերային կաբինետ, որտեղ մատուցվում են դիսպանսերի կողմից մատուցվող ծառայությունները, իսկ պոլիկլինիկական բուժհաստատություններում ծավալվող ցերեկային ստացիոնարում մատուցվում է էնդոկրին հիվանդներին անհրաժեշտ բուժօգնություն:

Նշված պոլիկլինիկաներում մինչև 18 տարեկան անձանց սպասարկող նեղ մասնագիտական կաբինետի բժշկի միջին աշխատավարձը կազմում է 78.7 հազար դրամ, իսկ միջին բուժանձնակազմինը՝ 40.2 հազար դրամ, 18 տարեկան և բարձր տարիքի անձանց սպասարկող նեղ մասնագիտական կաբինետի բժշկի միջին աշխատավարձը կազմում է 86.7 հազար դրամ, իսկ միջին բուժանձնակազմինը՝ 44.3 հազար դրամ: Դիսպանսերային բուժօգնության կաբինետի բժշկի միջին աշխատավարձը կազմում է 75.0 հազար դրամ, իսկ միջին բուժանձնակազմինը՝ 38.0 հազար դրամ:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև «Նոր Արաբկիր» առողջության կենտրոն, «Թիվ 13 պոլիկլինիկա», «Թիվ 17 պոլիկլինիկա», «Նոր Արեշ» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունների կադրային ներուժը, ֆինանսատնտեսական վիճակը, տեխնիկական հագեցվածությունը՝ նպատակահարմար է համարվել Երևանի ենթակայության «Թիվ 1 պոլիկլինիկան», «Թիվ 5 պոլիկլինիկան» և «Քաղաքային էնդոկրին դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպել՝ միացնելով Երևանի ենթակայության «Թիվ 4 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը, ընդ որում՝ նախատեսվում է «Թիվ 1 պոլիկլինիկա» և «Քաղաքային էնդոկրին դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունները մեկտեղել ք. Երևան Մոսկովյան 13 հասցեում, իսկ «Թիվ 5 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության գործունեությունը շարունակել նույն հասցեում՝ որպես «Թիվ 4 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության մասնաճյուղ: Միաժամանակ՝ «Մխիթար Հերացու անվան» ԵՊԲՀ ՊՈԱԿ-ի «Հերացի» պոլիկլինիկայի գործունեության դադարեցման կապակցությամբ՝ բանակցություններ են տարվում՝ վերջինիս կողմից սպասարկվող 13878 ազգաբնակչությանը (այդ թվում՝ մինչև 18 տարեկան 6883 անձ, 18 տարեկան և բարձր՝ 6995 անձ) «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ-ում հաշվառելու ուղղությամբ: Վերոնշյալ վերակազմակերպման արդյունքում Կենտրոն համայնքում կձևավորվի մոտ 54000 ազգաբնակչություն սպասարկող խառը տիպի մեծ պոլիկլինիկա՝ էնդոկրին դիսպանսեր ծառայությունով, որը հնարավորություն կտա մեկ տեղում ապահովել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մատուցվող բոլոր արտահիվանդանոցային ծառայություններն ամբողջ ընտանիքի համար:

Երևանի ենթակայության «Արաբկիր մանկական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը «Նոր Արաբկիր» առողջության կենտրոն փակ բաժնետիրական ընկերությանը վերակզմակերպելու արդյունքում կստեղծվի ավելի քան 66000 ազգաբնակչություն սպասարկող խառը տիպի մեծ պոլիկլինիկա: «Արաբկիր մանկական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության գործունեությունը շարունակվելու է՝ որպես մասնաճյուղ:

Երևանի ենթակայության «Սարի Թաղ» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը «Թիվ 17 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը միացնելու  արդյունքում կստեղծվի ավելի քան 54000 ազգաբնակչություն սպասարկող խառը տիպի մեծ պոլիկլինիկա: «Սարի Թաղ» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության գործունեությունը շարունակվելու է՝ որպես մասնաճյուղ:

Երևանի ենթակայության «Նորագավիթ պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը «Թիվ 13 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը միացնելու արդյունքում կստեղծվի ավելի քան 44000 ազգաբնակչություն սպասարկող խառը տիպի միջին պոլիկլինիկա: «Նորագավիթ պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության գործունեությունը շարունակվելու է՝ որպես մասնաճյուղ:

Երևանի քաղաքապետարանի ենթակայության  տակ գտնվող «Նուբարաշեն» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը «Նոր Արեշ» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը վերակազմակերպելու արդյունքում կստեղծվի ավելի քան 38000 ազգաբնակչություն սպասարկող խառը տիպի միջին պոլիկլինիկա: «Նուբարաշեն» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության գործունեությունը շարունակվելու է՝ որպես մասնաճյուղ:

«Երևանի ենթակայության մի շարք բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպման մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Երևան քաղաքի բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն առաջանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս